Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ. Սերժ Սարգսյանը դեռ երկար ժամանակ պետք է լինի մեր կուսակցության առաջնորդը


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

«Ազատությունը» սահմանադրական բարեփոխումների և նախագահ Սերժ Սարգսյանի ապագա ծրագրերի մասին զրուցել է իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

«Ազատություն».- Նախագահը հայտարարել էր, թե երկրորդ ժամկետից հետո չի հավակնելու ոչ խորհրդարանի նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ երկրի նախագահի պաշտոններին։ Եթե այս հանրաքվեն տեղի ունենա և սահմանադրական բարեփոխումները անցնեն, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-ինչ հանգամանքների ազդեցության արդյունքում Սերժ Սարգսյանը փոխի իր որոշումը։

Շարմազանով.- Ես «Կիկոսի մահը» հեքիաթին էդքան կողմնակից չեմ, որպեսզի մենք ասենք, թե ինչ պետք է լինի։ Ի գիտություն պետք է ընդունենք նախագահի հայտարարությունը, և պետք է ասենք, որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության առաջնորդն է։ Բոլոր պառլամենտական ընտրություններում մեր քաղաքական ցուցակը գոնե այս վերջին շրջանում գլխավորել է Սերժ Սարգսյանը։ Պարոն նախագահը և մեր կուսակցության նախագահը դեռ երկար ժամանակ առաջին հերթին իր կուսակիցների ցանկությամբ պետք է լինի մեր կուսակցության առաջնորդը։

«Ազատություն».- Պարոն Շարմազանով, ըստ էության դեռ բավականին ժամանակ կա մինչև նախագահի լիազորությունների ավարտը, և չի բացառվում, որ դրանից հետո նրա որոշումները կարող են փոխվել։

Շարմազանով.- Ես ձեզ արդեն պատասխանեցի, ավելացնելու բան չունեմ, մենք հպարտ ենք, որ մեր կուսակցության առաջնորդը Սերժ Սարգսյանն է, որևէ օրենքով որևէ սահմանափակում չկա, բայց ինքը իր կարծիքը արտահայտել է։

«Ազատություն».- Իսկ ինչո՞ւ ընդդիմադիրները չեն հավատում նրան։

Շարմազանով.- Դա իրենց պրոբլեմն է։ Ես էլ ասում եմ՝ Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը անբաժանելի են։ Ի՞նչ կա էդտեղ հավատալու, էդ ի՞նչ արհեստական խնդիր եք դրել, չեք ուզո՞ւմ Հանրապետականին, Սերժ Սարգսյանին ձայն տալ՝ գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին տվեք, ՀԱԿ-ին տվեք, ո՞րն է պրոբլեմը։ Ես դա չեմ հասկանում։ Իրենք իրենց խմբակցությունում չեն կարողանում միասնություն ապահովել... հավատա՛նք... ի՞նչ պարտադիր է՝ իրենք հավատան։ Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ մեր հասարակությունը ՀԱԿ-ի էդ մեկ-երկու գործչի հավատալու կամ չհավատալու խնդիր չունի։ Ուզում են հավատան, ուզում են չհավատան, դա իրենց խնդիրն է։ Եվ արհեստական բերել, այս հարցը կապել նախագահի ապագա քաղաքական պլանների հետ, ուղղակի ծիծաղելի է։

«Ազատություն».- Սահմանադրական բարեփոխումները կապ չունե՞ն նախագահի ապագա պլանների հետ։

Շարմազանով.- Ո՛չ, ո՛չ, սահմանադրական բարեփոխումները ո՛չ մեկ կուսակցության, ո՛չ մեկ անձի վերարտադրության խնդիր չեն դնում։ Դրանք արվում են երկրում համակարգային փոփոխություններ անելու համար։ Այն ընդդիմադիր ուժերը, որոնք «ոչ» են ասելու Սահմանադրությանը, «ոչ» են ասում ընդդիմության լիազորությունների ավելացմանը, ավելի ժողովրդավարական Հայաստանին, «ոչ» են ասում նրան, որպեսզի ընդդիմությունը ունենա ԱԺ մեկ փոխնախագահ։ Եթե վերարտադրությունն է զուտ խնդիրը, այս գործող Սահմանադրությամբ վերարտադրվելը ամենահեշտն է։

«Ազատություն».- Իսկապե՞ս Սահմանադրությունն է մեղավոր բոլոր այն խնդիրների համար, որոնք այսօր ունենք։ Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի, աղքատությունը վերացնելու համար պարտադիր չէ Սահմանադրություն փոխել։

Շարմազանով.- Այդ թվում նաև Սահմանադրությունը։ Տեսեք, ասում ենք, օրինակ, Վերահսկիչ պալատը, դատախազությունը կամ մեկ այլ ոլորտ ավելի հրապարակային չի աշխատում կամ կան որոշակի թերություններ։ Եվ մեղադրում են մեզ, որ մենք՝ պարզ մեծամասնությամբ իշխանությունը որոշում է, ինչպես իրենք են ասում՝ դակում է, և ընտրում ենք Վերահսկիչ պալատի նախագահ, գլխավոր դատախազ և այլն։ Հիմա երբ Սահմանադրությամբ այս բարեփոխումը անում ենք, իշխանությունը այլևս, վերցնենք Հանրապետականը, չի կարողանալու միայնակ ոչ դատախազ ընտրել, ոչ Վերահսկիչ պալատի նախագահ, ոչ օմբուդսմեն, ոչ էլ այլ կարևոր պաշտոնյա։ Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Եթե դու վերահսկողական մեխանիզմ ես տալիս ընդդիմությանը, դա վա՞տ է։ Դա և՛ կոռուպցիոն ռիսկերն է նվազեցնում, և՛ կաշառակերությունը։ Եթե տենց լինի, կասենք՝ ոչ մի օրենք մեզ պետք չէ, օրենքը մեղավոր չէ, բոլորս առավոտ վեր կենանք ասենք՝ «հորս արև, էլ չենք անի», ու էդ «հորս արևով» սահմանափակվենք ու դրանով նորմալ երկիր կդառնանք։ Տենց չէ, ժողովրդավարական երկրները «հորս արևներով» չեն առաջնորդվում։ Սա Հանրապետականի վերարտադրվելու հետ կապ չունի։

XS
SM
MD
LG