Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատն ազդարարում է փողոցային պայքարի մեկնարկը


«Չե՛ք անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանյան
«Չե՛ք անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանյան

Շուրջ երեք տասնյակ քաղաքական և քաղաքացիական ուժերի միավորող շարժումը հաջորդ ուրբաթ հանրահավաք է անցկացնելու Հայաստանի ամենաընդդիմադիր քաղաքի համբավն ունեցող Գյումրիում:

«Սերժ Սարգսյանը պարտվել էր Գյումրիում: Վերջին շրջանում էլ գյումրեցիները ակտիվ են Երևանի ցույցերում: Նրանք, իհարկե, արժանի են, որ որևէ մի շարժում Հայաստանում սկսվի Գյումրիից», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Չե՛ք անցկացնի» շարժման անդամ Արշակ Մուսախանյանը:

«Ոչ»-ի ճակատը նախաձեռնած շարժման անդամը հրապարակում է իրենց մարտավարությունը՝ հանրային ճնշմամբ տապալել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները՝ փորձելով անգամ հանրաքվեն կանխել:

Գյումրիից բացի, նախաձեռնությունն արդեն Երևանի քաղաքապետարանին էլ է հանրահավաքների իրազեկման հայտեր ներկայացրել:

«Ոչ»-ի ճակատի առաջատար քաղաքական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն»-ը և «Հիմնադիր խորհրդարանը» փողոցային պայքարում ներգրավված են, չի բացառվում անգամ լիդերների մասնակցությունը հանրահավաքներին:

«Խորհրդարանում․․․ շատերը ասում են, որ Սերժ Սարգսյանը արժանի է, որպեսզի ցմահ ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը: Այն, ինչ մենք ասում էինք՝ որ սա վերարտադրության խնդիր է, տեսեք, որ դա իրականություն է: Եվ դրա մասին նրանք խոսում են իրենց բերանով», - ասաց Մուսախանյանը:

Երեկ նախագահական գնացած Հրանտ Բագրատյանը, Արշակ Մուսախանյանի փոխանցմամբ, վստահեցրել էր, որ միանում է «Ոչ»-ի ճակատին: Միասնական հայտարարությունը, սակայն, չէր ստորագրել, քանի որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության համագումարի օրը Հայաստանում չէր, տեքստին չէր ծանոթացել:

«Ընդհանրապես այն գործիչները, որոնք մասնակցում են Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիային, մենք նրանց հետ համագործակցություն չենք պլանավորում կամ շատ դժվարությամբ ենք տեսնում: Սերժ Սարգսյանը որևէ առաջարկություն չի ընդունի: Նրան պետք է ընդամենը Արևմուտքին, Վենետիկի հանձնաժողովին ցույց տալ, որ նա հանդիպում է, կոնսուլտացիաներ է իրականացնում», - նշեց Մուսախանյանը:

Իսկ նախագահականից հանդիպման հրավեր չստացած և «Ոչ»-ի ճակատին միացած Պարույր Հայրիկյանն այսօր արդեն հանրահավաքի էր կանչել համակիրներին: ԱԻՄ առաջնորդը Ազատության հրապարակի ամբիոնից կրկին պնդեց՝ սա ոչ թե բարե, այլ չարեփոխում է․ - «Մեր ժողովրդի հանդեպ դավադրություն է իրականացվում: Պետք է խոսել արդեն վերջնագրի լեզվով»:

Իր գլխավորած կուսակցության անունից Հայրիկյանն այսօր նամակ է փոխանցել Բաղրամյան 26՝ Անկախության տոնին ընդառաջ Սերժ Սարգսյանին կոչ անելով խորհրդարանից հետ կանչել քննարկվող նախագիծը:

Նամակը նաև հանրահավաքի մասնակիցների համար ընթերցվեց․ - «Այդ առիթով բաժակ բարձրացնելիս իմացեք, որ տոնի հեղինակները և տոնն ընդհանրապես իրական բովանդակությամբ ընդունողները Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի ինքնորոշման թշնամի: Եթե 2013 թվականի սեպտեմբերի 3-ը կասկած առաջացրեց, ապա այս սահմանադրական փոփոխությունը հաստատում է այդ կասկածը»:

XS
SM
MD
LG