Որդեկորույս մայրերի համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը «վերջին հույսն է»

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողները մայրերը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում:

Իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում՝ կո՞ղմ է, թե՞ դեմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին (ՀՀԿ) դուր չէր եկել, որ Զարուհի Փոստանջյանը որդեկորույս մայրերին հրավիրել էր նիստին:

«Նման ձև վարվել այդ ծնողների հետ առնվազն ճիշտ չէ և բարոյական չէ: Գոնե այս հարցով շոուներից պիտի զերծ մնանք», - ասաց Սահակյանը:

Սևազգեստ կանայք զայրույթով ընդունեցին այս հայտարարությունը՝ բացատրություններ պահանջելով իշխող խմբակցության պատգամավորից․ - «Տասնչորս տարի է չունե՞ք արդարադատություն․․․ Եվ սա համարվում է Հայաստանի Հանրապետություն: Սա շոու չի»:

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ նպաստելու խաղաղ պայմաններում զինվորների սպանությունները բացահայտելուն, ուսումնասիրելու ծնողների բողոքները, նորից քննելու դատական ատյաններով անցած գործերը:

«Իհարկե, քաղաքական կամքի խնդիր է: Եթե կոռուպցիա է տիրում համատարած, ապա դուք պատկերացրեք փակ համակարգում, որը Զինված ուժերն են, այդտեղ այդ կոռուպցիան ավելի խորն է: Հետևաբար այնտեղ հանցագործությունները ավելի շատ են տեղի ունենում: Խնդիր կա բացահայտելու, բայց իրենց կողմից խնդիր կա փակելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Փոստանջյանն ընդունեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը՝ խմբագրական շտկումների նպատակով նախագիծը քննարկել հանձնաժողովի հաջորդ նիստին:

Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Ջհանգիրյանը, ով Մատաղիսի գործով դատարանում Փոստանջյանի հակադիր բևեռում էր, շեշտեց, որ այս գաղափարին կողմ է:

Իսկ իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում՝ կո՞ղմ է, թե՞ դեմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Հովհաննես Սահակյանը միայն ասում էր, թե ճիշտ կլինի, որ գործերն առանձին-առանձին վերանայվեն․ - «Խոսել եմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, փոխանցում եմ իր խոսքերը՝ պատրաստակամ է, որպեսզի այս հարցի հետ կապված մենք ունենանք ավելի լայն քննարկում: Ինքը հանձնարարել է իր իրավական գծով խորհրդականին, ինքը առանձին-առանձին, ամենայն հավանակությամբ, ձեր հետ կհանդիպի: Հանգամանքները նայելով՝ կփորձենք դիմումներով կամ հարցադրումներով այն բոլոր խնդիրները կամ հարցադրումները, որոնք ձեր մոտ առաջացել են, փարատել»:

Որդեկորույս մայրերը, մինչդեռ, պատմում էին, որ նախօրեին Հովհաննես Սահակյանն իրենց հրավիրել է հանդիպման՝ հորդորելով հրաժարվել հանձնաժողով ստեղծելու մտքից:

«Բառացի ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը տանելու ա փակուղի, ինչը տեղի ունեցավ Մարտի 1-ի դեպքով: Եվ որ առաջարկում ենք դուք ձեր տեղեկանքները ներկայացրեք Ազգային ժողովի նախագահին, իրանց իրավաբանական կազմը կքննարկի», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արայիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Տարիներ շարունակ արդարադատություն փնտրող այս կանայք, սակայն, լսել անգամ չեն ուզում այս առաջարկը: Օրենսդիրների հետ անարդյունք քննարկումների մեծ փորձ ունեն, ասում են՝ պետական կառույցները միմյանց վրա են բարդում իրենց բողոքները:

«Էս հանձնաժողովը միակ, վերջին հույսն ա, որ մեզ կտա հարցի լուծում», - ասաց Անահիտ Մկրտչյանը:

«Այս անպատժելիությունը բերում ա նորանոր սպանությունների բանակում խաղաղ պայմաններում», - հայտարարեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը:

«Միայն ցանկություն ա պետք, որ էս ղեկավարները՝ պատգամավորներից բռնած, նախարարներից, ի վերջո բանակի գլխավոր հրամանատարից՝ Սերժ Սարգսյանից, որ մատով եթե մի հատ սենց արեց՝ բոլոր գործերը բացահայտված են, թող պատժեն մեղավորներին, որ մենք էլ գնանք, նստենք մեր տները, մեզ չքաշքշեն ոստիկանները և հարվածեն և նվաստացնեն և ստորացնեն․․․ Հերիք չեղա՞վ», - ասաց բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: