Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում գործ է հարուցվել բողոքող կանանց նկատմամբ բռնության դեպքով


ՀՔԾ-ում գործ է հարուցվել բողոքող կանանց նկատմամբ բռնության դեպքով
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Այժմ իրավապահները քննում են, թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները և արդյոք վերջիններս չեն չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել նախագահական նստավայրի առջև երկու շաբաթ առաջ բողոքի ակցիա անցկացնող խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առիթով։

Քննիչի որոշման մեջ նշվում է, որ ոստիկանները բռնության գործադրմամբ կանանց անցկացրել են նախագահականի դիմացի մայթ, և որդեկորույս մայրերից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այժմ իրավապահները քննում են, թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները և արդյոք վերջիններս չեն չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները:

Սևազգեստ կանայք, սակայն, մեծ ակնկալիքներ չունեն։ Երկու շաբաթ առաջ բռնության ենթարկված Իրինա Ղազարյանն և Նանա Մուրադյանը ցույց էին տալիս թևերին դեռևս երևացող կապտուկները՝պնդելով, որ այլևս չեն հավատում արդարադատությանը։

«Ես հավատում եմ, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այդ գործին ընթացք չտան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը:

«Ես ուզում եմ ասել, որ ոստիկանները քաշեն էլ, խփեն էլ, ծեծեն էլ, ջարդել էլ, ես ասել եմ՝ ճակատիս դրեք, գնդակահարեք, նոր միայն կպրծնեք ինձանից: Ինձ այդ ֆիզիկական ցավը ոչ կվախեցնի, ոչ էլ: Հոգուս ցավը այնքան մեծ է․․․ Իմ երեխան այսօր չկա, ես էլ ոչինչ չունեմ այսօր կորցնելու», - իր հերթին ասաց Նանա Մուրադյանը:

Մայրերի թերահավատության պատճառներից մեկն էլ այն է, որ առայսօր իրենք չեն հարցաքննվել, չեն առատեսվել ոստիկանների հետ: Քննչական ծառայությունում «Ազատության» հարցին ի պատասխան այդպես էլ չհստակեցրին, թե քրեական գործով անցնող երեք ոստիկանները ինչ կարգավիճակ ունեն՝ կասկածյա՞լ են, թե՞ արդեն մեղադրանք է առաջադրված: Ոստիկանության լրատվական ծառայությունից ընդամենը փոխանցեցին, որ նախաքննություն է ընթանում:

Որդեկորույս մայրերը, մինչդեռ, պնդում են, որ իրավապահների համար դժվար չէր հստակեցնել, հատկապես՝ տեսագրությունների առկայություն պարագայում:

Նանա Մուրադյանը, ով իրավապահների կողմից արդեն երկրորդ անգամ է բռնության ենթարկվում նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելու ակնկալիքով նստավայրի առջև կանգնելու համար, ասում է, որ քննիչը նախաքննության սկզբից բոլոր փաստերը հաշվի չի առել․ - «Ես հասկացա, որ երկուսիս մասով է: Բայց այստեղ եղել ենք հինգ ծնող, որոնց բռնի ուժով տեղափոխել են էս կողմ: Ինձ ու տիկին Իրինային են քարշ տալով, ահավոր ձևով քարշ տալով, կադրերը երևի տեսել եք, քարշ տալով մեզ են բերել: Բայց բոլորիս՝ հինգ ծնող, բռնի ուժով բերել-անցկացրել են էս կողմ: Տիկին Անահիտը իրեն վատ զգաց: Ոստիկանությունում գնացել ենք հայտարարություն ենք տալիս հանցագործության մասին, մեզ չորս ժամ ու կես սպասեցրել են»:

Բանակում խաղաղ պայմաններում որդուն կորցրած Անահին Մկրտչյանին զայրացրել է ՀՔԾ-ի որոշումը: Նա պնդում է, որ իրեն ևս ոստիկանները բռնի ուժով տեղափոխել են դիմացի նախագահականի մայթ: Քրեական գործում, սակայն, այդ մասին չի հիշատակվում:

«Իմ այս հայտարարությունը ընդունեն հայտարարություն հանցագործության մասին, որ մայիսի 13-ին այդ նույն բռնությանը ես եմ ենթարկվել: Գնացել եմ ոստիկանություն հայտարարություն տալու, բայց ինձ այնքան այնտեղ սենյակից սենյակ ուղարկեցին, ներվայնացրեցին, որ շաքար ունեմ բարձր, կոմա էր սկսվում մոտս, դուրս եկա»:

Քննիչի որոշումը ձեռքներին՝ սևազգեստ կանայք այսօր կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի առջև, սակայն այս անգամ էլ ոստիկանները նրանց չթողեցին նախագահական նստավայրի մայթին բողոքի ցույց անցկացնել։ Կանայք ստիպված եղան անցնել դիմացի մայթը:

XS
SM
MD
LG