Ըստ Քննչական կոմիտեի հաղորդած նախնական տվյալների, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը «իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք»․ - «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:
Էդգարը Քաշաթաղից էր, ընտանիքի ավագ որդին։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Հակոբ Սայամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Էդգարը 20 օրից զորացրվելու էր: «Առայժմ դժվար է ասել, թե որն է եղել նրա մահվան պատճառը», - ասաց Սայամյանը։
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերից շատերը, մինչդեռ, հայտարարում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածներին:
Որդեկորույս կանանցից հինգը այսօր կրկին եկել էին Բաղրամյան 26՝ երկրի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջելու: Երեք տասնյակ ոստիկաններից կազմված շղթան, սակայն, թույլ չտվեց նրանց մոտենալ նախագահական նստավայրին:
Վրդովված կանայք զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Ուզում ենք քայլենք, քայլելու ընթացքում հիշեցնենք նախագահին, որ մենք պահանջատեր ենք, մեր պահանջը չի մարել, և հասարակություն թող տեսնի․․․ Ուրիշ բան չենք ուզում», - նախագահականի մոտ եկած օբմուդսմենի ներկայացուցչին ասացին նրանք:
Ոստիկաններից մեկը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչին պարզաբանեց, որ կանայք ոչ թե պարզապես քայլում են, այլ «ակցիա են անում»․ - «Իսկ ակցիայի համար պետք է թույլտվություն լինի․․․ Հասնում են այնտեղ և սկսում են այնպիսի խոսակցություններ, այնպիսի արտահայտություններ, որ հարիր չի այս վայրում անել»:
Ոստիկանի պնդումը, թե նախագահականի առջև անհարիր արտահայտություններ են հնչեցրել, է՛լ ավելի զայրացրեց մայրերին: Նրանք ոստիկաններից պահանջեցին ցույց տալ օրենքի այն կետը, որով սահմանվում է հարիր ու անհարիր արտահայտությունների ցանկը։
«8 տարի է անցել, 13 տարի է անցել, 14 տարի է անցել․․․ Ո՞ր օրենքով չեն բացահայտում այդ գործերը: Ես ի՞նչ գործ ունեմ ստեղ, ինչի՞ համար եկել․․․ Ու հլա արտահայտություններ օգտագործեմ թե ոչ», - ասաց բողոքող կանանցից մեկը:
Մյուսը հավելեց․ - «Ասենք թե ակցիա եմ անում: Այո, ես պահանջատեր եմ․․․ Ո՞վ կարա ինձ արգելի»:
Ոստիկանները, սակայն, անդրդվելի էին, պնդում էին, որ ակցիան արգելված է:
Իրավիճակն այնքան լարվեց, որ մայրերից ոմանք անցան պողոտայի երթևեկելի մասը, նրանց միացան դիմացի մայթին պաստառը պարզած բողոքի ակցիա անող որդեկորույս հայր Հովսեփ Մուրադյանը և ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Մի քանի րոպե տևեց այս ամենը, ինչից հետո ոստիկանները ազատեցին փողոցը՝ մայրերին տեղափոխելով մայթ։
Այդ ընթացքում մայրերից ոմանք արդեն նախագահականի մոտ էին։ Ոստիկանները, սակայն, շղթա կազմեցին ու նրանց հեռացրեցին այդտեղից։ Իրավիճակը կրկին լարվեց՝ բանը հասավ վիրավորանքների։ Հովսեփ Մուրադյանը վեճի բռվեց ոստիկանների հետ։
Այս անգամ էլ պատասխան չստանալով՝ որդեկորույս մայրերը շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ օմբուդսմենի տեղակալ Արմինե Գրիգորյանը պարզաբանեց, որ ինչպես կառավարության, այնպես էլ նախագահականի առջև բոլորն իրավունք ունեն խաղաղ ակցիա անել։