Հայկ Կյուրեղյանը անհեթեթ որակեց իրեն առաջադրված մեղադրանքները

Ոստիկանները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին, 12-ը հունիսի, 2014թ.

Հանուն Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության պայքարի դուրս եկած Հայկ Կյուրեղյանը այսօր անհեթեթ որակեց իրեն առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, թե ինքը դուրս էր եկել ռեժիմի դեմ, քանի որ երկրում ամեն րոպե ոտնահարվում են քաղաքացու հիմնական իրավունքներն ու արժանապատվությունը։

«Եթե բոլոր քաղաքակիրթ ճանապարհները ռեժիմը փակում է, թույլ չի տալիս քաղաքացուն քաղաքակիրթ ճանապարհներով պաշտպանել իր արժանապատվությունը, այս երկրում նորմալ ապրելու իրավունքը, քաղաքացուն մնում է մի ճանապարհ՝ ոչ քաղաքակիրթ, կտրուկ ձևերով լուծել իր հարցերը»,- այսօր դատարանում հայտարարեց Կյուրեղյանը։

Նախորդ նիստում մեղադրողը պահանջել էր 14 տարվա ազատազրկման դատապարտել 31-ամյա երիտասարդին՝ խուլիգանության ու ոստիկանի նկատմամբ վտանգավոր գործողության համար։ Կյուրեղյանը պնդեց՝ որոշումը կայացվել է վերին ատյաններում։

«Էս 14 տարին կրակեցին, խփեցին... իրավաբանները բոլորը զարմացած են էս 14 տարի ժամկետը կրակելու վրա։ Ես հիշեցի մի բան, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների ժամանակ քաղաքացուն ասաց՝ ինչքան կուզեմ կխփեմ, էդ տրամաբանության մեջ է էս ամեն ինչը, ինչքան կուզի, կխփի։ 14 տարի, 114 տարի, ինչքան կուզի, կխփի»,- ասաց երիտասարդը։

Իշխանությունների հասցեին քննադատական ելույթը մի քանի անգամ ընդմիջվեց. դատավորը պահանջում էր խոսել ըստ էության։

Մոտ մեկ տարի շարունակվող դատաքննությունն այսօր ավարտվեց խիստ լարված մթնոլորտում։ Նիստի մեկնարկին ամբաստանյալի հարազատներն ու ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին հենց դահլիճում՝ պահանջելով դատավորից դահլիճ բերել Կյուրեղյանին, ով ամիսներ առաջ հեռացվել էր՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար։

Դատավորը երկու անգամ ստիպված եղավ նիստը այլ դահլիճ տեղափոխել՝ հրահանգելով հեռացնել բոլորին։ Մուտքի մոտ սկսվեց վիճաբանություն՝ կարգադրիչների և ակտիվիստների միջև։

Դահլիճից հեռացվածները բողոքի ակցիան շարունակեցին դատարանի առջև։ Նրանց խոսքով՝ Հայկ Կյուրեղյանին ծանր մեղադրանք առաջադրելով իշխանությունները փորձում են վախեցնել քաղաքացիական ակտիվիստներին։

«Վրեժխնդրություն է և մեսիջ մյուս պայքարող քաղաքացիներին, որ ով կփորձի նման ակտիվություն ցուցաբերել, հետը կկատարվի նույն բանը»։

Հայկ Կյուրեղյանը ճաղերի ետևում է հայտնվել Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը, երբ ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի առջև կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Դատարանը վճիռը կընթերցի սեպտեմբերի 15-ին։