Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի գործով նիստը հետաձգվեց. նախատեսվում է դատավճռի հրապարակումը


Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստը
Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստը

Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանի դատարանում այսօր մոտ մեկ ժամ չէր հաջողվում սկսել Հայկ Կյուրեղյանի դատավարությունը։

Ամբաստանյալի հարազատներն ու ակտիվիստները դատավորից պահանջում էին դահլիճ բերել Կյուրեղյանին, ով արդեն մի քանի ամիս է հեռացվել է դահլիճից՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար։

Անտեսելով այս պահանջը՝ դատավորը աղմուկի ներքո սկսեց նիստը, բայց րոպեներ անց ստիպված եղավ ընդմիջել. ներկաները բողոքում էին, որ դատավորի ձայնը չի լսվում։

Խնդիրը լուծելու համար դատավորը նիստը այլ դահլիճ տեղափոխեց, այստեղ նրա ձայնը լսելի էր, բայց ոչ ամբաստանյալի հարազատների և ակտիվիստների համար, դահլիճն այնքան փոքր էր, որ հազիվ տուժող ոստիկաններն ու լրագրողները տեղավորվեցին։ Մուտքի մոտ սկսվեց վիճաբանություն կարգադրիչների և ակտիվիստների միջև։

Չնայած իրարանցմանը, աղմուկի ու քաշքշոցների մեջ դատավորը կրկին սկսեց քննությունը և տուժող կողմին հարցեր տալուն զուգահեռ նաև կարգապահական հարցերն էր փորձում լուծել՝ դուրս հրավիրելով ոմանց։ Այնուամենայնիվ, դատարանը որոշեց մի քանի ժամով հետաձգել նիստը։

Հիշեցնենք՝ անցյալ տարի Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը դատարանի դիմաց Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ:

Նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին։ Նախատեսվում է, որ այսօր դատարանը կհրապարակի վճիռը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG