Ճիշտ երկու տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո Հայաստանի նախագահը անակնկալ կերպով հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու իր որոշման մասին:
«Ազատության» զրուցակիցների խոսքով, Հայաստանի համար թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումներով ոչինչ չի փոխվել՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը միայն աճել է, և Հայաստանը շարունակում է միայնակ դիմագրավել հակառակորդին, իսկ հայաստանցի գործարարները Ռուսաստանի հետ սահմանին բախվում են նույն խնդիրներին, որոնք կային մինչև ԵՏՄ-ի ստեղծումը:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի խոսքով, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցեց ճնշման հետևանքով, իսկ այդ պարագայում անիմաստ է խոսել անվտանգության երաշխիքներից ու տնտեսական օգուտներից․ - «Որոշումը եղել է քաղաքական, ճնշման ներքո ընդունված: Դրանից հետո բոլորը հավաքվել էին, մտածում էին՝ ի՞նչ արգումենտ բերենք, որ սիրուն լինի: Սկզբից անվտանգություններ էր, հետո՝ տնտեսությունը լավ կլինի, հետո՝ տեսեք, շուկա գիտենք, հետո՝ նույնիսկ լեզու գիտենք, հետո՝ Հայաստանը առանց մաքսային․․․ բաների կմտնի, ինչքան լավ կլինի, ներդրումներ կլինեն»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության, թերևս, գլխավոր փաստարկը սպառնալիքն էր՝ եթե չանդամակցենք, կունենանք այն նույն խնդիրները, որոնց բախվեց Ուկրաինան․ - «Մեզ ասում են՝ դա հարցականի տակ կդներ մեր անվտանգությունը: Հիմա պատկերացրեք վաղը, մյուս օրը Ռուսաստանը ասում է՝ հայե՛ր, դուք պետք է դուրս գաք Ղարաբաղից ու Սյունիքից՝ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Ի՞նչ ենք անելու»:
«Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից: Սա ռացիոնալ որոշում է և այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից», - 2013թ․ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հրապարակելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ իր որոշումը:
«Ապագայում մենք պետք է մտահոգվենք, թե ինչպիսի հնարավորություններ պետք է ստեղծենք այդ գործընթացի մեջ՝ սահմանադրական փոփոխությունների գնալու կամ նույնիսկ «ոչ»-ի պաագայում, որ այլևս թույլ չտանք, որ մեկ մարդ Հայաստանում որոշում կայացնի միջազգային վերպետական մարմինների միանալու՝ դրա հետ միասին նաև փակենք որևէ գերտերության ցանկությունը այդպիսի ճնշումներ օգտագործելու Հայաստանի վրա՝ ինչ-ինչ այլ բաների իմաստով», - այսօր ասաց Թևան Պողոսյանը:
ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական օգուտները ևս մշուշոտ են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է գրեթե 35 տոկոսով: Խոստանում էին ներդրումներ, բայց նույն յոթ ամիսներին Ռուսաստանից Հայաստան արված ուղղակի ներդրումները նվազել են գրեթե 12․5 անգամ՝ կազմելով ընդամենը 7 միլիոն 179 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը «Ազատությանը» պատմեց, որ անդամակցությունը ԵՏՄ-ի ոչինչ չի փոխել հայաստանցի գորածարարների համար․ - «Ընդամենը մեկ փաստաթուղթ է պակասել․ դա խագման սերտիֆիկատն է, որ մեզանից չի պահանջվում: Մնացած բոլոր փաստաթղթային խումբը պահանջվում է, որովհետև մեր ապրանքները գնում են Վրաստանի վրայով, և Վրաստանը չի կարող բաց թողնել մեր բեռը, եթե համապատասխան բոլոր փաստաթղթային փաթեթը չլինի»: