Կառավարությունն այսօր որոշեց փոխհատուցել նաև ամսական մինչև 500 կիլովատտ/ժամ հոսանք սպառող փոքր բիզնեսին: Փոխհատուցումը կտրվի միայն առաջին 250 կիլովատտ/ժամի համար։
Վարչապետ հովիկ Աբրահամյանի խոսքով, հատկացումը կարվի արտաբուջետային միջոցներից՝ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայությունների ավարտը․ - «Հանրապետության նախագահի հետ մենք այսօր առավոտյան քննարկել ենք փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարությանը ներկայացնել այս նախագիծը, որով նաև փորձում ենք լուծել փոքր և միջին ձեռնարկություններին այն հոսանքը՝ 6.93 դրամը, որ պետք է իրենք ծախսեն, այդ հավելավճարը կվճարի կառավարությունը՝ մինչև խորհրդատվության ավարտը»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունեց, որ այս որոշումից կօգտվեն հիմնականում ծառայություններ մատուցող և գրասենյակային ոլորտում աշխատող ձեռներեցները, իսկ արտադրությամբ զբաղվողները ստիպված կլինեն էլեկտրաէնեգիայի համար ավելի թանկ վճարել:
Կառավարության այսօրվա որոշումը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի գոհացնում: Ակտիվիստների օրակարգում փոփոխություն չկա՝ վաղնանից կսկսեն քաղաքացիական անհնազանդութության ակցիաները՝ թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով։
Չնայած կառավարությունը փոքր ձեռներեցներին սուբսիդավորելու որոշումն այսօր է կայացրել, ՀԷՑ-ի աշխատակցներն արդեն մեկ շաբաթ է, նոր պայմանագրերով այցելում են ձեռներեցներին, և հոսանքազրկելու սպառնալիքով պատրավորեցնում հոսանքի համար վճարել թանկ սակագնով։
Փոքր ձեռներեցների ասոցացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով, բաշխիչ ընկերության այս քաղաքականությունը դուրս է օրենքի շրջանակից․ - «Համաձայն էլեկտրամատակարարման կանոնների 33-րդ կետի, 3 դեպք է այնտեղ նշված, ինչ դեպքերում կարող է հոսանքազրկվել: Առաջին դեպքը՝ ինքնակամ, երբ տնտեսվարողն է ուզում: Երկրորդ դեպքի մասին է խոսքը, երբ որ սպառողը չի կատարում պայմանագրով սահմանված իր պարտականությունը: Այս դեպքում, եթե չկա այդ հավելվածը, նշանակում է, որ նախկին սակագներով եթե կատարում է տնտեսվարողը իր պարտականությունները, չեն կարող իրեն ստիպել, կամ հոսանքազրկել»:
ՀԷՑ-ից, սակայն, «Ազատության»-ը տեղեկացրին, որ հոսանքի թանկացման որոշումը չի բեկանվել՝ անկախ կառավարության այսօրվա որոշումից, բարձր սակագներով վճարելու պայմանագրեր կշարունակեն ուղարկել բոլոր ձեռներեցներին, քանի որ իրենց համար դեռ հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է կառավարությունը փոխհատուցելու: