Մատչելիության հղումներ

ՓՄՁ-ներին արդեն պարտավորեցնում են հոսանքի համար բարձրացված սակագնով վճարել


Առևտրական Օֆիկ Սվարյանին այսօր արդեն հոսանքի թանկացման հաշվարկմամբ նոր պայմանագիր են առաջարկել, 26-ը օգոստոսի, 2015թ․
Առևտրական Օֆիկ Սվարյանին այսօր արդեն հոսանքի թանկացման հաշվարկմամբ նոր պայմանագիր են առաջարկել, 26-ը օգոստոսի, 2015թ․

Գործարարները զգուշացնում են՝ փոքր ու միջին բիզնեսին չսուբսիդավորելու հետևանքով տնտեսվարողները լուրջ խնդրի առջև են կանգնելու, թանկացումներն անխուսափելի են լինելու:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) արդեն նոր՝ բարձրացված սակագներով պայմանագրեր է սկսել ներկայացնել տնտեսվարողներին: Ըստ այդ պայմանագրերի, էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար սպառողը պետք է վճարի 48.78 դրամ, նախկին 41.85-ի փոխարեն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ մինչ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի ավարտը, էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը: Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ, սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խոշոր բիզնեսը փոխհատուցում չի ստանա, իսկ փոքր ու միջին ձեռներեցներին սուբսիադավորելու հարցը դեռ պետք է քննարկվի:

Անհատ ձեռներեց, մանր առևտրով զբաղվող Օֆիկ Սվարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ստիպված է եղել ստորագրել այսօր անակնկալ կերպով իրեն ներկայացված պայմանագիրը, քանի որ ՀԷՑ-ի աշխատակիցը սպառնացել է անջատել հոսանքը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ մինչև 250 կվտ հոսանք սպառող փոքր բիզնեսի ճակատագիրը պետք է հստակեցվի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելուց հետո։ Քննարկվե՞լ է արդյոք հարցը նախագահի հետ թե ոչ, այս մասին կառավարությունն առայժմ լռում է: Մինչդեռ ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ բարձրացված սակագնով պայմանագրեր կստատան բոլոր տնտեսվարողները:

Սուրճի արտադրությամբ զբաղվող գործարար Րաֆֆի Մխչյանին ՀԷՑ-ից դեռ չեն այցելել, բայց վերահաս թանկացման մասին լսել է ու արդեն հաշվարկում է ապրանքի նոր ինքնարժեքը: Ասում է՝ իր արտադրության մեջ հոսանքի գինը մեծ դեր է խաղում։

«Սաղ հոսանք ուտող են, սուրճի աղացներն են, ամեն մեկի վրա 11 կիլովատանոց շարժիչ ա դրված, պատկերացրեք՝ եթե 5 հատը աշխատի, մի ժամում միանգամից 55 կվտ հոսանք կվառի»:

Գործարարը վստահ է՝ փոքր ու միջին բիզնեսին չսուբսիդավորելու հետաևանքով տնտեսվարողները լուրջ խնդրի առջև են կանգնելու, թանկացումներն անխուսափելի են լինելու։ «Կոչ եմ անում բոլոր հայ արտադրողներին, որ միավորվեն և պայքարեն էս իրականության դեմ, որը շինծու դրվել ա մեր առաջ: Եթե հոսանքը դոտացիայի ա ենթարկվում ժողովրդի համար, ուրեմն առաջին հերթին պետք ա արտադրության համար դոտացիայի ենթարկվի»,-ասում է Մխչյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նոր պայմանագրերի ստորագրումը բոյկոտելու և պայքարը կրկին փողոց տեղափոխելու կոչ է անում:

«Մենք անպայման պատասխան ենք տալու փողոցում, որովհետև էս երկրում հարցերը լուծվում են փողոցում, մենք բազմիցս համոզվել ենք, որ բանակցությունների ճանապարհով հարցերը չեն լուծվում: Իրենք կփորձեն լուծման իմիտացիա ստեղծել, բայց իրականում հարցերը չեն լուծվում»,-ասում է նախաձեռնության ակտիվիստներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG