Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը իշխանություններին կոչ է անում «խելքները գլուխները հավաքել»


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը իշխանություններին կոչ է անում «խելքները գլուխները հավաքել»
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

Ձեռնարկությունների համար հոսանքի սակագնի բարձրացումը չփոխհատուցելու՝ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կրկին փողոց դուրս գալու ծրագիր է մշակում:

Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ պետությունը օգնելու է միայն բնակչությանը, խոշոր բիզնեսը փոխհատուցում չի ստանալու։ Փոքր ու միջին բիզնեսի դեպքում դեռ հստակեցում չկա, վարչապետը ասել էր, որ հարցը պետք է քննարկի նախագահի հետ։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վարչապետի այս հայտարարությունից հետո իշխանություններին «խելքները գլուխները հավաքելու» կոչ է անում։ Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի խոսքով, ստացվում է, որ բնակչության համար նոր սակագնի հիմնավորվածությունը հարցականի տակ է և պետք է աուդիտ անցկացվի, իսկ բիզնեսի դեպքում հիմնավոր է:

«Եթե սկսում են ուսումնասիրություն, ինչը նշանակում է, որ կասկածի տեղիք է տալիս այդ թանկացումը, այս դեպքում պիտի սուբսիդավորումը լիներ բոլորի համար: Եթե անհիմն է, եթե կասկածի տեղիք տվող թանկացում է, ուրեմն չպիտի ազդի որևէ մեկի վրա, քանի դեռ չի հիմնավորվել», - ասում է Սարգսյանը:

Նախաձեռնությունը քննադատում է Որոտանի կասկադի վաճառքի հաշվին կատարվող փոխհատուցումը, բայց և ընդգծում՝ այս դեպքում էլ մասնակի փոխհատուցումը միևնույն է՝ բերելու է թանկացումների։

«Բոլորն էլ գիտակցում են, որ հոսանքի թանկացումից հետո լինելու է շղթայական թանկացում՝ սպառողական ու առաջին անհրաժեշտության ապրանքների», - ասում է նա:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, վարչապետի հայտարարությունը գործարարների համար անակնկալ էր և չակերտավոր նվեր։ Տնտեսագետը նույնպես մինչև երեկ կարծում էր, որ սակագնի տարբերության փոխհատուցումը վերաբերում է բոլորին։

«Հայաստանում չկա ընդհանրապես պատկերացում, ռազմավարություն զարգացման, այդ թվում նաև՝ տնտեսության զարգացման, և այդ քայլերը նշանակում են, որ ուղղակի օրվա իրավիճակից ելնելով քայլեր ենք մենք անում, հակառակ դեպքում գոնե մի երկու-երեք ամիս բիզնեսին կասեին, որ այսպիսի վիճակում եք հայտնվելու», - ասում է նա:

Խաչատրյանը վստահ է՝ այս քայլի հետևանքները շատ արագ շոշափելի կդառնան, թանկացումները տարբեր ոլորտներում անխուսափելի են, արդյունքում շատ ապրանքներ կդառնան անմրցունակ․ - «Գյուղատնտեսական մթերքների վրա էլ կազդի, պարենային, ոչ պարենային մթերքների վրա էլ կազդի: Որովհետև, ի վերջո, հոսանքը տեղ չկա, որ չի օգտագործվում, հատկապես այն ծառայություններում, որտեղ ավելի շատ է օգտագործվում, էնտեղ էլ գների բարձրացում պետք է տեղի ունենա, ի վերջո՝ էդ ամեն ինչը հոսանքի հետ է կապված»:

XS
SM
MD
LG