Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր «Ժառանգությունն» ահազանգում է՝ նոր Սահմանադրության նախագիծը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում վկայակոչեց մի քանի դրույթներ, որոնցում, ըստ նրա, թաքնված է իրական վտանգը։
Նախ, ըստ Մարտիրոսյանի, հստակ չէ․ Հայաստանը ինքնիշխան պետություն հռչակող առաջին գլխի առաջին հոդվածը փոփոխման ենթակա՞ է, թե՞ ոչ: Որովհետև, մի կողմից, նախագծի 202-րդ հոդվածը այն դասում է անփոփոխելիների շարքը, մյուս կողմից, փաստաթղթի 201-րդ հոդվածը խճճում է իրավիճակը՝ սահմանելով, որ առաջին գլուխը հանրաքվեի միջոցով կարող է փոխվել։
Բացի այդ, նախագծում 203-րդ հոդվածը հնարավորություն է տալիս հանրաքվեի միջոցով լուծել վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը: Գործող Սահմանադրության մեջ նման կազմակերպություններին անդամակցության մասին որևէ խոսք չկա:
«Եթե դու միանում ես վերպետական կառույցների, նշանակում է քո ինքնիշխանությունը սահմանափակում ես: Վերպետական կառույց ի՞նչ է նշանակում․․․ որ քո երկրի համար կարող է որոշում ընդունվել մի տեղ, որը Հայաստանի տարածքից դուրս է, պետական կառավարման տեսանկյունից դուրս է: Օրինակ, ԵՏՄ այդպես ապօրինաբար մտան, որովհետև Սահմանադրության կոպիտ խախտում էր՝ ԵՏՄ-ում կար վերպետական կառույց: Հիմա այդ ԵՏՄ-ին, որը որոշակիորեն տնտեսական կառույց է, կմիանան, ասենք, ավելի քաղաքական կառույցների, որտեղ մենք քաղաքական որոշման իրավունք չենք ունենա, և քաղաքական որոշումը մեզ պատրաստի կհրամցվի և մենք դա կանենք», - նշեց Մարտիրոսյանը:
Հարցին, թե արդյոք կարելի է իր խոսքերից ենթադրել, որ ինքը վտանգը տեսնում է Ռուսաստանի կողմից, ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը պատասխանեց․ - «Հիմնականում, բնականաբար: Որովհետև այս պահին ոնց որ թե այդ ուղղությամբ է ինտեգրվում իշխանությունը: Բայց տեսեք․ Խորհրդային Միությունը իրավաբանորեն ըստ էության անկախ պետությունների միավորում էր, բայց իրականության մեջ բոլոր ֆունկցիաները որոշումների ուղարկված էր կենտրոն, կենտրոնը որոշումն ընդունում էր, Հայաստանը դա կյանքի էր կոչում: Հիմա նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նորից, որովհետև այս Սահմանադրությունը այլևս թույլ է տալու նմանատիպ քայլեր»:
Իշխող հանրապետականը, ընդհակառակը, դրական միտումներ է տեսնում այս հոդվածում: Մասնավորապես, որ այս կամ այն վերպետական կազմակերպությանն անդամակցության հարցը բացառապես ժողովուրդն է որոշելու: «Այդ խնդիրը պետք է լուծվի, այս Սահմանադրության նախագծով, հանրաքվեի միջոցով: Չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է փորձենք վտանգների դաշտ մտնել: Եվ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ վատ բան կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է, որ հանրաքվեն չի երաշխավորում ինքնիշխանության անձեռնմխելիությունը՝ մանավանդ, եթե խոսքը վերաբերի, իր ձևակերպմամբ՝ Ռուսաստանին միանալուն կամ Ռուսաստանի հետ կապված որևէ վերպետական կառույցին անդամակցությանը. - «Քաղաքացիներին այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ նրանք ամեն ինչի համաձայն են՝ մենակ այս իշխանությունները չլինեն: Մենակ իշխանություններից ազատվելու համար մի բան առաջարկեն, որը անկախության կորստով է, նույնիսկ հնարավոր է համաձայնվեն»:
«Դե եթե ժողովրդի կամքը դա է, թող այդպես էլ լինի, այդտեղ սարսափելի բան չկա: Բայց չեմ կարծում, որ ժողովուրդը դա է ցանկանում։ Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 1991 թվականին», - նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով հանրաքվեն համարում է «ժողովրդավարական» ճանապարհ. - «Ավելի լավ է հանրաքվեով, քան թե կաբինետային քաղաքականության միջոցով: Այլ բան է, որ հանրաքվեն անցնի այնպես, որ ժողովրդավարության պայմանները չխախտվեն, մասնավորապես, վարչական ռեսուրսները չօգտագործվեն»:
Ինքնավարության մի մասը զոհաբերելու հաշվին միջազգային կազմակերպություններին անդամակցելը, ըստ Ղազարյանի, զուտ գեոպոլիտիկա է, որով աշխարհն է առաջնորդվում. - «Բոլոր պետություններն էլ այսպես թե այնպես որևէ կառույցների, միջազգային կազմակերպությունների միանում են, կամ ստորագրում են միջազգային պայմանագրեր, որով իրենք իրենց սուվերենության մի մասը զոհաբերում են հանուն այլ նպատակի՝ ասենք, Եվրամիության երկրները, ԱՊՀ երկրները, կամ Եվրախորհրդի անդամ պետությունները: Եվ նշել սա որպես անթույլատրելի երևույթ, սխալ է ուղղակի, որովհետև․․․ մենք, ինչ է, դառնանք Հյուսիսային Կորեա՞, որևէ պետությունների խմբի մեջ չմտնե՞նք, լինենք անկախ, բայց իզոլացվա՞ծ»: