Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ակնկալում է, որ Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումներ կսկսվեն ԱԺ-ում


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արխիվ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արխիվ:

Հանրապետականներն ակնկալում են, որ առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը կստորագրի նոր Սահմանադրության նախագիծը, և այն կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:

Իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում միաժամանակ հնարավոր համարեց Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի միջև կոնսուլտացիաները. - «Քաղաքական կոնսուլտացիաները շատ կարևոր հանգամանք են և մենք չենք խուսափում: Եվ նաև քաղաքական ուժերը արձագանքել են դրան: Այս ընթացքում եղել են բավականին հանդիպումներ, հիմա արդեն վերջնական փուլում նորից պետք է շարունակվեն: Առաջիկա օրերին նախագահը արդեն կստորագրի, կուղարկի Ազգային ժողով, կսկսվեն ակտիվ քննարկումները: Բնականաբար, այն, ինչ որ ուղարկվում է, դրանք դոգմա չեն և վերջնական չեն: Եվ այս քաղաքական կոնսուլտացիաները և քաղաքական քննարկումները դրա համար են, որպեսզի այդ բոլոր առաջարկությունները ևս մեկ անգամ դարձնենք քննարկման առարկա»:

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում են քաղաքական ուժերի առանձին հանդիպումները նախագահի հետ, Բաղդասարյանը արձագանքեց․ - «Կոնտեքստը կորոշի նախագահը: Ֆորմատը ևս կճշտվի մոտ օրերս»:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից այս պահին միայն Դաշնակցությունն է Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցելու մտադրություն հայտնում։ «Մենք ենթադրում ենք, որ այս երկու օրը կլինեն նման կոնսուլտացիաներ: Մենք ունենք մեր առաջարկությունները նախագծի վերաբերյալ և, բնականաբար, կհանդիպենք կքննարկենք։ Սպասում ենք հրավերի», - «Ազատությանը» փոխանցեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ որոշում չի կայացրել։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք, որ կուսակցությունում նման հարց դեռ չեն էլ քննարկել։

Ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մերժողական դիրքորոշում են որդեգրել: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում «անիմաստ» որակեց նման կոնսուլտացիաները՝ նշելով, որ իրենք մեկ հանդիպում ունեցել են նախագահի հետ, բայց «Ժառանգության» առաջարկներից որևէ մեկը տեղ չի գտել Սահմանադրության նախագծում. - «Ուստիև երկրորդ անգամ հանդիպելը, կոնսուլտացիաներ անելը, կարծում եմ, այլևս իմաստ չունի: Եթե նախորդը արդյունք չի տվել, դրա հետագա սարքած շենքում ինչ-որ քայլեր կատարելը, կարծում եմ, սխալ է: Որովհետև հիմքը ի սկզբանե սխալ է․․․ Մենք համարում ենք ճիշտ լուծում՝ միասնական պայքարով չեզոքացնելը այս սահմանադրական փոփոխությունները»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ ուշադրություն է հրավիրում նախագիծը Ազգային ժողով ուղարկելու հարցում իշխանությունների շտապողականությանը՝ հայտարարելով, որ սա ևս մեկ ապացույց է, որ «Սերժ Սարգսյանը լուծում է իշխանության հարց»․ - «Այլապես այսքան շտապ քայլեր չէին անի: Եթե խոսքը ընդամենը անցումն է դեպի խորհրդարանական համակարգ, դա կարելի էր անել շատ ավելի հանգիստ, դանդաղ: Նպատակը ոչ թե խորհրդարանական համակարգին անցումն է, այլ սահմանադրական արգելքի շրջանցումը երրորդ նախագահական կառավարման համար: Ինչ վերաբերում է կոնսուլտացիաներին․ եթե նպատակը դա է, ի՞նչ իմաստ ունի նրա հետ որևէ կոնսուլտացիայի գնալ: Եվ եթե գնացողները փորձեն հիմա ներկայացնել այնպես, որ իբր իրենք Սերժ Սարգսյանին ինչ-որ բան պետք է համոզեն, կամ ինչ-որ բարելավեն այդ նախագիծը, դա ուղղակի խաբեություն է: Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի զիջի այն դրույթներից, որոնք կոչված են ապահովել իր իշխանության վերարտադրությունը: Մնացած բոլոր հարցերում կարող է և զիջեն»:

Զուրաբյանն ասաց, որ նախագծի քննարկումները խորհրդարանում չեն բոյկոտելու․ - «Խորհրդարանը շատ լավ ամբիոն է, որը թույլ կտա ճշմարտությունը հասցնել ժողովրդին: Որովհետև ի վերջո նրանց ձայնից է կախված, թե ինչպիսի հաջողության կհասնի Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, կարող եք ասել, որ հանրաքվեն նորից կկեղծեն, բայց այստեղ մի խնդիր կա․ Սերժ Սարգսյանը պիտի ապահովի 650 հազար այո, և ժողովրդի ակտիվ դիրքորոշումը, այնուամենայնիվ, կարող է խոչընդոտել այդ խնդրի կատարմանը»:

Ընդդիմադիրները հուսադրող են համարում հասարակության արձագանքը՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդը պատրաստ է դիմադրության:

XS
SM
MD
LG