Իշխող Հանրապետական կուսակցությունում «վտանգավոր» են որակում նոր Սահմանադրության նախագծի և հանրաքվեի վերաբերյալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դիտարկումները։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում Օսկանյանին խորհուրդ տվեց «բովանդակային առաջարկներ ներկայացնել»․ - «Նախկին արտգործնախարարը, երբ նշում է, որ հիմա դրա հրամայականը չկա, ապա առնվազն պետք է բերի նաև փաստեր՝ ինչի՞ համար չկա, ովքե՞ր են ասում, որ չկա»:
Վարդան Օսկանյանը, իր ֆեյսբուքյան էջում խոսելով սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու անհրաժեշտության մասին, եզրակացրել է. - «Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար։ Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա»:
Օսկանյանի կարծիքով, ներկայացված նախագիծը լի է հակասություններով ու վտանգներով: Դրանիցից մեկը, նրա ձևակերպմամբ՝ գլխավոր չարիքը, խորհրդարանում կայուն մեծամասնության երաշխավորումն է, քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը դառնալու համար:
Մյուս վտանգը խորհրդարանի ձայների 2/3-ով Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորությունն է: «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա», - նշել է նախկին արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար:
Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում, մինչդեռ հիմա, ըստ Օսկանյանի, չկա այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում:
Նախկին արտգործնախարարը բացարձակապես վստահություն չի տեսնում նաև քվեարկության համակարգի նկատմամբ՝ համոզմունք հայտնելով, որ հանրաքվեի արդյունքները կասկածի տակ են դրվելու:
Դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կիսում է նոր Սահմանադրությանը «ոչ» ասելու՝ Վարդան Օսկանյանի կարծիքը։
Իշխող ՀՀԿ-ն հորդորում է ոչ իշխանական գործընկերներին չթեժացնել մթնոլորտը: «Ամենաթույլ փաստարկը այն է, որ մեկ իշխանության և մեկ անձի համար է այս Սահմանադրությունը փոխվում: Որովհետև եթե դուք այնքան ուժեղ չեք, որ չեք կարող պայքարել այդ քաղաքական ուժի դեմ կամ այդ անձի դեմ, ապա ուրեմն քաղաքականության մեջ, կարծես թե, գործ չունեք: Սա՝ ի միջի այլոց: Բայց այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է նախկին արտգործնախարարը, Ազգային ժողովում երկրորդ տեղն է զբաղեցրել, և եթե հաջորդ ընտրությունը այս պրոգրեսով գնար, միգուցե նաև իրենք էլ շանսեր ունեին ձևավորելու իշխանությունը հենց առաջարկվող համակարգով», - ասաց Հովհաննես Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն և ընդդիմությունը վերջին տարիներին անընդհատ խոսում էին կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ հիմա հակառակն են ասում․ - «Հիմա, եթե ասում եք՝ դրա անհրաժեշտությունը չկա․ ո՞վ է որոշել, որ չկա: Անհրաժեշտություն կա-չկա, ժողովուրդը ուզում է-չի ուզում՝ այս հարցի ամենալավ պատասխանը, կարծում եմ, հանրաքվեն է»:
Դիտարկմանը, թե Օսկանյանը նշել է, որ բացարձակ վստահության չկա քվեարկության համակարգի նկատմամբ, Սահակյանն արձագանքեց․ - «Դա արդեն վտանգավոր հայտարարություն է, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր երկրում դեռևս գործընթացները չսկսված, արդեն իրենք եզրակացություններ անում են՝ գրեթե հարյուր տոկոս ճշմարտությամբ: Ընտրական համակարգի նկատմամբ եթե վստահություն չկա, ապա դրա մասին պետք է նաև մտածի հենց նախկին արտգործնախարարը: Որովհետև ինքն էլ է մասնակցել ընտրական պրոցեսներին, և ինքն էլ է տարբեր ժամանակաշրջանում ունեցել բավականին լուրջ դերակատարումներ: Իսկ այսօր ասել, թե ընտրական պրոցեսների հետ կապված վստահություն չկա, դա ընդամենը այս մթնոլորտը է՛լ ավելի ծանրացնել է և տրամադրություններ փոխելն է, որպեսզի իրենց պատկերացմամբ ոչ ցանկալի ելքի դեպքում, իրենք ունենան, կարծես թե, ասելիք․․․ Սա արդեն վտանգավոր է և՛ մեր պետության, և՛ մեր ժողովրդի ու հասարակության համար»:
Հարցին, թե որքանով է Օսկանյանի դիտարկումների թիկունքում տեսնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սահակյանն արձագանքեց, թե չի ցանկանում որևէ մեկի տեսնել, քանի որ «եթե նրանք ասելիք ունեն, ապա կարտահայտվեն»: