Վանաձորում աշխատանք չգտնելու պատճառով տղամարդկանցից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք և աղջիկները թեև փորձում են, բայց դժվարանում են աշխատանք գտնել: 23-ամյա Անին, օրինակ, բազմիցս տարբեր դռներ է թակել աշխատանք գտնելու հույսով, բայց` ապարդյուն:
«10 օրը մեկ գնում ենք գործազուրկների տեղը, գործ չկա, հետո մարզպետարանում պրակտիկա ենք անցել, էնտեղ էլ աշխատանք չկա, ոչ մի տեղ չկա»,- ասում է նա.- «Եղած աշխատանքի աշխատավարձն էլ 30 հազար դրամ է, տրանսպորտի գումար է ընդամենը»։
Երեք երեխաների մայր 33-ամյա Լիլիթը ասում է, թե չկա այնպիսի աշխատանք, որի վարձատրությունը կբավականացնի երեխաների ծախսերը հոգալու համար, ավելի նպատակահարմար է համարում աշխատելու փոխարեն նպաստ ստանալ:
«Աշխատացնում են չափից դուրս շատ, աշխատավարձը քիչ են տալիս՝ պատճառաբանելով, որ դոլարի կուրսն իջել է, բայց բարձրանալու դեպքում էլ չեն բարձրացնում։ Խանութում երեք ամիս աշխատել եմ, ամիսը 35 հազար դրամ էր կազմում»,- պատմում է Լիլիթը։
Նպաստով և երկրորդ կարգի հաշմանդամ ամուսնու ստացած թոշակով են ապրում: Կինն ասում է` ներկա պայմաններում ամսական գոնե 150-200 հազար դրամ է պետք իրենց ծախսերը հոգալու համար, մինչդեռ ընտանիքի ամսական բյուջեն մի քանի անգամ պակաս է: Կնոջ խոսքով, այսպիսի պայմաններում պարզապես գոյատևում են։
Միջին տարիքի կանայք ասում են, թե դժվարանում են աշխատանք գտնել, քանի որ գործատուները առավել նախընտրում են աշխատանքի ընդունել երիտասարդների:
«Ինձ համարում են տարիքս առած, չեն ընդունում աշխատանքի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Զրուցակիցներիցս ոմանք խորը ափսոսանքով էին փաստում, որ աշխատանք չլինելու պատճառով իրենց երեխաներն այսօր Հայաստանում՝ իրենց ընտանիքների կողքին չեն.- «Ամենամեծ ողբերգությունը դա է, ահավոր բան է, էրեխուդ հասցնես 21-22 տարեկան, գործ չլինի, գնա Ռուսաստան»։
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արա Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում բազմիցս է նշել, որ Վանաձորի աշխատաշուկայում կա առաջարկի և պահանջարկի խնդիր: Մասնավորապես, պահանջակ չունեն մանկավարժի ու թարգմանչի մասնագիտությունները: Վանաձորում գործազրկության մակարդակի մասին տեղեկատվություն Առաքելյանը խոստացավ ավելի ուշ տրամադրել:
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը ավելի քան 4000 է, մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը հասնում էր 3500-ի: