Հարյուր հազարից ավելի ընտանիք այսօր ապրում է առավելագունը 46 հազար դրամ սոցիալական նպաստով: Անգամ նվազագույն 58 հազար դրամ սպառողական զամբյուղից քիչ այս գումարը կենսական նշանակություն ունի անապահովների համար: Եվ եթե հանկարծ մի օր «Փարոս» համակարգը հաշվում և պարզում է, որ որևէ ընտանիքի միավորներն այլևս չեն բավարարում անապահովության նպաստից օգտվելու համար, մարդիկ տառացիրոեն հայտվում են անելանելի վիճակում:
Մխչյան գյուղի բնակիչ, 5 երեխաների հայր Օնիկ Բաբայանի ընտանիքին վերջերս զրկել են 43 հազար դրամ նպաստից՝ պարզելով, որ նրա վերջին՝ մեկ ամսվա աշխատանավարձը 130 հազար դրամ է եղել: Նա գյուղի հարկահավաքն է, սակայն առանց նպաստի, չի կարող պահել չորս անչափահաս և մեկ ուսանող երեխաներին ու գործազուրկ կնոջը:
«Մենակ մի հոգու աշխատանքը էդքան մեծ ընտանիքի համար, իհարկե, բավարար չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը՝ հավելելով, որ առաջինը ինքը կցանկանար հույսը նպաստի վրա չդնել և ապրել սեփական աշխատավարձով: Բայց, ասում է՝ դա ընտանիքի միակ կերակրողի ուժերից վեր է, հատկապես՝ հաշվի առնելով ոչ կայուն աշխատավարձը:
«Ամիսներ են եղել, որ ես չեմ կարողացել գումար հավաքել՝ 50 կամ 80 հազար աշխատավարձ եմ ստացել։ Ուրեմն՝ 80 հազարից ավելի դու պիտի գումար չստանաս, իսկ 80 հազարն ի՞նչ գումար է, որ ընտանիքի ծախսերը բավարարի։ Այնպես է ստացվում, որ մի աշխատի, նստի տունը, մենք քեզ էդ փողը կտանք», - ասաց հինգ երեխաների հայրը։
«Այսօր և՛ նպաստ ստացողն է դժգոհում, քանի որ գումարն է քիչ, և՛ այդ չնչին հնարավորությունից զրկվածը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Աստղիկ Մինասյանը:
Ըստ նրա, տնտեսական վատ վիճակում հայտնված երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը հասնում է 32 տոկոսի, խնդիրներից խուսափելն անհնար է։ «Բյուջեն սահմանափակ է, նպաստառու ընտանիքների թիվն ավելի քան 100 հազար, իսկ աղքատ ընտանիքները 230 հազարից ավելի են, բոլորին չես հասցնի օգնել», - հավելեց նախարարության աշխատակիցը՝ նշելով՝ դիմողները շատ են հնարավորությունները՝ փոքր։
Ի դեպ, նախարարությունից «Ազատության»-ը նաև հայտենցին, որ վերանայել են Մխչյան գյուղի հարկահավաք Օնիկի ներկայացրած նոր փաստաթղթերը և ամենայն հավանականությամբ առաջիկայում վերջինիս նպաստը կվերականգնեն:
«Բայց բոլոր դեպքերում, եթե համեմատում ենք այս ընտանիքի տվյալները ընդհանրապես եկամուտ չունեցողի հետ, բնականաբար, արդեն համեմատությունները հոգուտ իրեն չեն խոսում», - ասաց նախարարության աշխատակիցը։
Իսկ Օնիկի միավորները նպաստավոր չեն նաև այն պատճառով, որ վերջինս հողատարածք ունի, իսկ հողատարածք ունենալու կամ անասնապահությամբ զբաղվելու դեպքում, «Փարոս»-ը պակասացնում է նպաստի համար անհրաժեշտ միավորները: Այդուհանդերձ, Օնիկը պնդում է ՝ մոտեցումն անարդար է, հողը ամեն ամիս բերք չի տալիս:
Նախարարությունում էլ հասկանում են՝ կաթով ու կարտոֆիլով կոմունալ ծախս չես վճարի, երեխային դպրոց չես ուղարկի, անիմաստ է խոսել այլ անհրաժեշտ ծախսերի մասին:
«Ավելի շատ բողոքը վատ ապրելուն է վերաբերում, քան թե կոնկրետ նպաստի համակարգին։ Ես, իհարկե, սրանով չեմ ուզում արդարացնել, թե համակարգը ճշգրիտ է, այդպիսի բան գոյություն չունի, այդպիսի երկիր գոյություն չունի։ Աշխատանքային խումբն այժմ որոշակի բարեփոխումների վրա է աշխատում», - ասաց Աստղիկ Մինասյանը։
Ե՛վ Օնիկը, և՛ նման խնդրով «Ազատություն» դիմած մի շարք այլ քաղաքացիներ, սակայն, վստահ են՝ բոլոր խնդիրները կվերանան այն ժամանակ, երբ նախարարությունը վերահսկի համակարգում առկա բոլոր չարաշահումները:
«Կարող է հարմարացնես, թղթերը ներկայացնես, ու տենում ես՝ քեզ նպաստ տրվում է, քեզ՝ չէ», - ասաց «Ազատության» զրուցակիցը։
Չբացառելով նման դեպքերը՝ նախարարության աշխատակիցը, ակնարկում է՝ շատ դեպքերում համայքնի ղեկավարները ևս, մեղմ ասած, ճիշտ տվյալներ չեն հաղորդում իրենց համայքի անապահով ընտանիքների մասին:
Իսկ ավելորդ չարաշահումներից խուսափելու համար նախարարությունը քաղաքացուն առաջարկում է սեփական հետաքննությունը իրականացնել՝ հիշեցնելով, որ նպաստառուների ցուցակները հրապարակային են, անհամապաստախանելիության դեպքերը միշտ էլ կարելի է մատնացույց անել և բողոքարկել: