«Օքսֆամ»-ը հայտարարում է, որ եթե աշխարհի բնակչության յուրաքանչյուր 9-ից մեկը չունի լիակատար սնվելու համար հնարավորություն, անսահման մեծ հարստություն ունեցող մարդկանց ու նման աղքատների միջև ճեղքվածքն այսօր շարունակում է խորանալ:
Աղքատության խնդիրները լուծելու նպատակ ունեցող, տասնյոթ կազմակերպություններից կազմված միջազգային այս միության անդամներից Մաքս Լոուսընի խոսքերով, սա չափազանց վատ պայման է տնտեսության ու ընդհանրապես աշխարհի բոլոր երկրների համար: Պայման, որը, ըստ նրա, շարունակում է է′լ ավելի վատթարանալ:
«Օքսֆամ»-ի զեկույցը հրապարակվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին` կոչ անելով, որ աշխարհի երկրները դիմեն ծայրահեղ այս անհավասարությունը կրճատելուն ուղղված քայլերի:
Մասնագետի խոսքերով, օրինակ, Աֆրիկայում կան հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք, ստանալով հսկայական եկամուտներ, ազատված են հարկեր վճարելուց: Սակայն չէ՞ որ այդ հարկերն էին ապահովելու դպրոցների կամ հիվանդանոցների ծախսերը:
Աշխարհի հարուստների մեկ տոկոսը, ըստ «Օքսֆամ»-ի տվյալների, ներկայումս տնօրինում է աշխարհի ամբողջ հարստության 48 տոկոսը և այդ ցուցանիշը մեկ տարվա ընթացքում հասնելու է 5Օ-ի:
Հարուստների ու աղքատների միջև ճեղքվածքի խորացման համար կան բազմաթիվ մեխանիզմներ: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էնդի Գրինի խոսքերով, այդ մեխանիզմներից առաջինը կառավարության քաղաքականության վրա ազդելու հարուստների ունակություններն են: Խոշոր ձեռնարկությունները, ըստ պրոֆեսորի, ունեն լոբբինգի հզոր լծակներ, ինչի արդյունքում ընդունվում են օրենքներ ու կանոններ, որոնք գործում են ի շահ հարուստ ընկերությունների և ի վնաս աղքատ բնակչության:
Դրա արդյունքում առաջ են գալիս բարոյական ու տնտեսական ծանր պայմաններ: Բայց դրանից զատ, անհավասարությունը ծնում է նաև բռնություններ, երբեմն դառնում ահաբեկչությունների պատճառ:
«Քաղաքական իրադրության կամ տնտեսական պայմաններից դժգոհություններն են շատ հաճախ դառնում պատճառ, որ ահաբեկիչներն իրենց գործողություններն արդարացնեն կրոնական դրդապատճառներով», - ասում է Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Թիմ Քրիգերը:
Վերլուծաբանների խոսքերով, հարուստների ու աղքատների միջև աճող տարբերությունն էր հարավային Եվրոպայում անցած տարիների ընթացքում առաջ եկած անհանգստությունների բուն պատճառը:
Իսկ նման դժգոհությունները կարող են իշխանության բերել ծայրահեղ քաղաքական ուժերի: Նման զարգացումներ են սպասվում Հունաստանին, որտեղ հաջորդ համապետական ընտրություններում, ըստ հարցումների, հաղթելու է ծայրահեղ ձախ «Սիրիզա» կուսակցությունը: