Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր, զոհվել է ադրբեջանցի զինծառայող

Հայ զինվորը սահմանամերձ դիրքերում, արխիվ

«Հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում, հայկական կողմը կորուստներ չունի»,- ասել է ՀՀ ՊՆ խոսնակը:

Ադրբեջանական haqqin.az կայքի փոխանցմամբ, «հայկական զինուժի նախօրեին իրականացրած դիվերսիոն գործողությունները ճնշելիս» զոհվել է ադրբեջանցի զինծառայող Էլդար Սախավատ օգլու Ֆատալիևը: Կայքի տեղեկացմամբ, հայկական զինուժը նախօրեին տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Գերանբոյի, Ֆիզուլիի և Գեդաբեկի ադրբեջանական դիրքերը:

Թեև haqqin.az-ը նշում է, թե հայկական կողմը ևս ունի կորուստներ, այդ տեղեկությունը չի հաստատվում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ֆեյսբուքյան իր էջում այսօր արած գրառմամբ:

Դրանում մասնավորապես նշված է, թե հուլիսի 24-ի երեկոյան ժամը 19-ից սկսած հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը «հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում»: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր:

«Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է», - հավելել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ այսօր մամլո հաղորդագրություն է տարածել նաև ԼՂ Պաշտպանության բանակը:

«Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - մասնավորապես նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:

Այսօր ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը մեկ այլ հաղորդագրությամբ ամփոփել է անցած մեկ շաբաթը շփման գծում։ Ըստ այդմ, Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 19-25-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12 հազար կրակոց։

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - ասված է հաղորդագրությունում։

«Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր», - փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի իշխանություններին հորդորել էր «հատկապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից առաջ զերծ մնալ ռազմաշունչ հռետորաբանությունից և պահպանել հրադադարի ռեժիմը»։

Վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, Օհանյանը նաև ասել էր․ - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հաջողության կարելի է հասնել երկխոսությամբ, փոխադարձ վստահությամբ, շփման գծում վստահության պայմանների ստեղծման համար նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում, անկասկած նաև բանակցային ողջ գործընթացի ընթացքում` հիմքում ունենալով այն, որ պետք է զերծ մնալ ուժի կիրառումից»։