«Ես կհորդորեի, որ մեր հակառակորդները այս պահին, երբ մենք բոլորս ցանկանում ենք, որ հանդիպումներ լինեն, բանակցային գործընթացը կառուցողական ընթացք ստանա, զերծ մնալ հռետորաբանությունից, զերծ մնալ տարբեր տիպի, կարելի է ասել, անկապ խոսակցություններից՝ էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի․․․ Քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար պաշտպաներ իր հայրենիքը», - ասաց Օհանյանը:
Նախարարը կրկին բարձրաձայնեց հայկական կողմի դիրքորոշումը․ - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հաջողության կարելի է հասնել երկխոսությամբ, փոխադարձ վստահությամբ, շփման գծում վստահության պայմանների ստեղծման համար նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում, անկասկած նաև բանակցային ողջ գործընթացի ընթացքում՝ հիմքում ունենալով այն, որ պետք է զերծ մնալ ուժի կիրառումից»։
Վերջին օրերին շփման գծում հակառակորդը ակտիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անցած գիշերը ևս խաղաղ չի անցել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, մեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2 հազար 500 կրակոց:
«Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշվել է», - ասված է հաղորդագրությունում:
Ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում գրեթե նույնքան անգամ Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է նաև հուլիսի 22-ին և 23-ի լույս գիշերը։
Նախարար Օհանյանը ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրումը կրկին արձանագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի օրերին:
«Սա ուղղված է թե՛ ներքին լսարանին, և թե՛ միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն», - ասում է Սեյրան Օհանյանը։
Համանախագահները, հիշեցնենք, երեկ տարածած հայտարարությամբ փոխանցել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս տարի ավելի ուշ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել։
Օհանյանը հակառակորդին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայկական կողմը ունակ է հակազդել ցանկացած ոտնձգության․ - «Հակառակորդի հետ մեր հարաբերություններում այսպիսի մի բան ենք նկատում, որ նա փորձում է այդպիսի միջոցառումներով լարվածության ստեղծմամբ իր համար շահադիտական պայմաններ ստեղծել կամ կորզել»։
Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հայտարարության, թե իրենք կարող են Նախիջևանից ոչնչացնել Հայաստանի և անգամ Երևանի ցանկացած ռազմական օբյեկտ, Հայաստանի պաշտպանության նախարարը հակադարձեց․ - «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հանձինս նախագահի և պաշտպանության նախարարի, արտահայտությունները, որ «Հայաստանում քարը քարի վրա չենք թողնի»․․․ Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են կառուցողական խնդիրներով։ Փոխանակ քարը քարի վրա դնեն, փորձում են քարը քարի վրա չթողնել: Այդ փորձը մենք էլ ունենք, իմիջիայլոց»:
Երեկ համանախագահները տարածած հայտարարությունում անհանգստություն են հայտնել լարվածության վերջին աճով և նախագահներին կոչ արել «խուսափել բռնության մահացու էսկալացիայից և քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»։
Ադրբեջանը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու համար։