«Ոսկե ծիրանը» Հայաստանի կինոարտադրությունը տանում է դեպի փոփոխութուն, ամփոփելով 12-րդ միջազգային կինոփառատոնը, «Ազատության» հետ զրույցում ասաց ժյուրիի անդամ, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, հավելելով` ունենք կայուն աճ, կցանկանայիք ձգտել վերելքին:
Ամեն մի փառատոն հնարավորություն է բացում հրաշալի ֆիլմեր բացահայտել, և Մաթևոսյանի կարծիքով այս տարվա մրցանակակիր ֆիլմերը հստակ չափաորոշիչներ գծեցին, մասնավորապես, հայկական կինոարտադրության համար:
«Որպեսզի մենք մեր միջավայրում, այսպես ասեմ` իհարկե, մեր գավառականության մեջ, ունենանք չափորոշիչներ, որպեսզի չկորչենք, որպեսզի չճահճանանք և որպեսզի տեսնենք, որ ինչ-որ բաներ կան, որոնց հետ պետք է հավասարվել, որոնց հետ պետք է ավելի լավը լինել կամ գոնե փորձել այդ մակարդակը պահել», - հավելեց նա:
Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց կոլումբիական «Օձի գրկում» ֆիլմը, երկրորդ մրցանակը՝ հարավկորեական «Ձմռան վերջը» ֆիլմինն էր:
Միջազգային վավերագրական ֆիլմ անվանակարգում լավագույնները «Իմաստի ստեղծումն» և «Գերմանական երիտասարդություն» ֆիլմերն էին:
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Արման Երիցյանը՝ «Մեկ, երկու, երեք» ֆիլմով: Արծաթը բաժին հասավ «Բժիշկ» ֆիլմի հեղինակ Աննա Գորոյանին:
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Գագիկ Մադոյանին՝ «Ճանապարհ» ֆիլմի սցենարի համար:
«Կորիզ» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին ավստո-գերմանական «Ամեն ինչ լավ կլինի» և բրիտանական «Չելլե» կարճամետրաժ ֆիլմերը:
Ժյուրիի հատուկ մրացանակին արժանացավ իրանցի Ֆարհադ Ղոլամին՝ «Ամեն ինչ` վաճառքի» ֆիլմի համար:
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նոր՝ Հանդիսատեսի համակրանք մրցանակը` գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդին «Սրբարան» ֆիլմի համար:
«Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոնն այս տարի մեկնարկեց օսկարակիր լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Տես» ֆիլմով, և փակվեց իրանցի հեղինակավոր ռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմով:
Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ, «Ոսկե ծիրանի» մրցանակակիր, իրանցի ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ իրանցի ռեժիսորները կարող են ինքնաարտահայտվել:
«Իրաքը, Աֆղանստանը, Ադրբեջանը երկրներ են, որտեղ ազատ կինոյի մասին խոսելն ավելորդ է: Միայն Հայաստանում կարող ենք գալ և ցույց տալ այն, ինչ հնարավոր չէ մեր երկրում: Ահմադինեջադի նախագահության ժամանակները սարսափելի էին ռեժիսորների և դերասանների համար: Հիմա՝ նոր նախագահի օրոք, վիճակը մեղմացել է: Ավելին՝ պատժամիջոցներից ազատվելուց հետո Իրան-Հայաստան կինոարտադրությունը կարող է զարգանալ: Մեր մտածելակերպերը մոտ են և հույս ունեմ, որ առաջիկայում նման հնարավորություն կստեղծվի և ֆիլմաշխարհը հայ-իրանական կինոարտադրությանը կծանոթանա»:
Տարածաշրջանի բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, մասնակցել են «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային փառատոնին:
Այս տարվա ծիրաններն արդեն բաժանված են, ռեժիսորներն ու կազմակերպիչները չեն շտապում խոսել ապագա ծրագրերի մասին՝ սպասելով մինչև հասնի 13-րդ փառատոնի ծիրանը: