«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ձեռամբ երեկ հանձնվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Սահակ, Սուրբ Մաշտոց» շքանշանը՝ ծննդյան հոբելյանի և կինոարվեստի բնագավառում իր վաստակի համար:
Իսկ այսօրվանից «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում սկսվել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որին նախորդած ասուլիսում ռեժիսորը, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց, որ շատ ջանք չի գործադրում այս կամ այն դերասանին կամ կինոգործչին «Ոսկե Ծիրան»-ին հրավիրելու համար, նրանց չի վճարում մասնակցության համար, ինչպես արվում է բազմաթիվ այլ երկրներում:
«Արտիստները միայն հիսուն հազար եվրոյով են գալիս պրիմիտիվ փառատոներին», - ասաց նա՝ ընդգծելով, որ «Ոսկե Ծիրան»-ը պարզապես հրավիրում է կինոաշխարհի հեղինակավոր մարդկանց:
«Շատ եմ սիրում դերասաններին և դերասանուհիներին: Բայց ինձ համար կարևոր է կրթությունը, որ գալու են այն ռեժիսորները, որ աշխարհում հայտնի են, և ցուցադրելու են իրենց ֆիլմերը, որոնք կտան մի պաշար երիտասարդ ռեժիսորներին և օպերատորներին», - նշեց նա:
Ռեժիսորն իր ծննդավայր Ջավախքին երկու ֆիլմ է նվիրել՝ «Սպիտակ քաղաքը» և «Պոետի վերադարձը»: Շուտով սկսելու է իր մեծ հայրենակցին՝ Վահան Տերյանին նվիրված ֆիլմի նկարահանումները․ - «Իմ կարծիքով այդ ֆիլմի մեջ կա և՛ այդ հողը, և՛ այդ արմատները, և՛ այդ երազանքները»:
Վաղը մեր երիտասարդ կինոգործիչները փառատոնի շրջանակում հնարավորություն կունենան մասնակցելու աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի վարպետության դասին:
Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա նույնպես վաղը «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կցուցադրվի Համո Բեկնազարյանի «Նամուսը»: