Մատչելիության հղումներ

«Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց Ռոբեր Գետիկյանին


Այս պարգևը շնորհվում է կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկին՝ համաշխարհային կինոյում քրիստոնեական, մարդասիրական արժեքները քարոզելու համար:

Երեք տարի առաջ Մայր աթոռ Սբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակին այս տարի արժանացավ ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր, այս տարվա «Ոսկե Ծիրան»-ի խաղարկային միջազգային ժյուրիի նախագահ Ռոբեր Գետիկյանը:

Մրցանակը Մայր աթոռ Սբ Էջմիածնում Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում Գետիկյանին հանձնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Գետիկյանը այս մրցանակի երրորդ դափնեկիրն է․ առաջինը այն շնորհվել էր ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին, իսկ անցած տարի՝ Արտավազդ Փելեշյանին:

Երևանում այսօր Անդրեաս Դրեզենի «Երբ մենք երազում էինք» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց գերմանական նոր կինոծրագիրը, «Երևանյան պրեմիերաներ» շարքում ներկայացվեց Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» ֆիլմը: Իսկ «Հարգանքի տուրք» շարքում այսօր Հենրիկ Մալյանի օրն է՝ «Կտոր մը երկինք»-ի ցուցադրությամբ:

Հնդկաստանից ժամանած կինոդերասանուհի, ռեժիսոր Բիջորիա Ջենան, ով առաջին անգամ է մասնակցում այս կինոփառատոնին, «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ չէր էլ պատկերացնում, թե այսքան հետաքրքիր մարդկանց կհանդիպի:

Նա ասաց, որ շատ տպավորված է Երևանում տեսածից, Սևանա լճից: Հավանել է հատկապես «Երևանյան գիշերներ» ծրագրի շրջանակում Սիրահարների այգում կազմակերպվող բացօթյա ցուցադրությունները:

Ֆրանսաբնակ հայ անվանի կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Ոսկե Ծիրան»-ի մեկնարկից բառացիորեն 3 օր առաջ է ավարտել իր վերջին ֆիլմի նկարահանումները․ - «Լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի նկարահանումները տեղի ունեցան ամբողջովին Հայաստանում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում: Հիմա գնում եմ Փարիզ՝ մոնտաժելու: Կոչվում է «Ինչպես ամերիկյան մի երգ», մասնակցում են և՛ ֆրանսիացի դերասաններ՝ Պատրիկ Շենեն, որ այստեղ է, Արսինե Խանջյանը, Հայաստանից դերասաններ՝ Ռոբերտ Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը»:

XS
SM
MD
LG