Որդեկորույս ծնողները ցանկանում էին գնալ նախագահի նստավայր՝ ամիսներ առաջ գրած դիմումների մասին տեղեկություն ստանալու համար, սակայն ոստիկանները թույլ չտվեցին առաջանալ արդեն շուրջ տասը օր ցուցարարների կողմից փակված Բաղրամյան պողոտայով:
Նրանցից Նանա Մուրադյանը հիշեցրեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անցած հինգշաբթի անձամբ էր խոստացել, թե հաջորդ անգամ դեպի նախագահական ճանապարհին խոչնդոտներ չեն լինելու․ - «Վալերի Օսիպյանը խնդրեց՝ միայն էսօր ոչ, այսօր մի անցեք, հաջորդ անգամ ես անձամբ ձեզ կուղեկցեմ: Բայց այսօր եկել ենք, ոստիկանները կանգնած թույլ չեն տալիս: Ես ոստիկաններից պատասխանատուին ասում եմ՝ Վալերի Օսիպյանը ասում էր՝ ես ձեզ հաջորդ անգամ անպայման կուղեկցեմ: Ասում է՝ Վալերի Օսիպյանն այսօր այդտեղ չէ»:
Ծնողները կրկին ընդգծում էին, որ իրենց միակ պահանջը զավակների սպանությունը ինքնասպանություն չորակելն է, մեղավորներին պատժելը, մինչդեռ իրենց բողոքը պետական որևէ ատյանում չեն լսում։
«Ովքեր որ ձեռք են բարձրացնում զինվորներին վրա, որ իրանք տեսան, որ պատժվեցին, էլ չի շարունակվի սպանությունները բանակում: Ոչ թե սենց՝ շաբաթը երկու զինվոր են բերում», - ասաց կանանցից մեկը:
Զոհված զինծառայողների ծնողներից երկուսին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների միջնորդությամբ թույլատրվեց անցնել բարիկադներից այն կողմ, սակայն նրանք հրաժարվեցին։ Նշում էին, որ ամեն մեկն ի՛ր պահանջն ունի, և ցանկանում են բողոքի ցույցը միասին շարունակել․ - «Բայց ինչո՞ւ երկու հոգու․․․ ընդամենը չորս ծնող ենք: Մենք միևնույն է ամեն հինգշաբթի գալու ենք, երբ ուզենք գալու ենք մեր էրեխեքի պահանջով, մեր էրեխեքի սպանողները պիտի պատասխան տան: Թող պատժեն մեր էրեխեքի սպանողներին, մենք էլ չենք գա կանգնենք», :
Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողները այսօր էլ հեռացան առանց պատասխանի։ Նրանք սակայն նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքն այնքան ժամանակ, մինչև բանակի գերագույն գլխավոր հրամանատարից պատասխան չստանան։