Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը

Գևորգ Կոստանյանը, սակայն, այսօր այսպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք ճիշտ քրեական գնահատական է տրվել Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։

Գլխավոր դատախազը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ գորիսյան ծեծկռտուքի գործը ուսումասիրելուց հետո նյութերը հետ է ուղարկել Քննչական կոմիտե: Գևորգ Կոստանյանը, սակայն, այսօր այդպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք ճիշտ քրեական գնահատական է տրվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։

Մայիսի վերջին դատախազը հենց այս հարցը պարզելու համար էր նյութերը պահանջել Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցից. - «Քննությունն ընթանում է, եզրակացության մասին կխոսենք ավելի ուշ, երբ որ կլինի արդյունքը: Եզրակացություն դատախազությունը չի տալիս որևէ գործով․ դատախազությունն իրականացնում է իր գործառույթը, թե տվյալ գործով որ նախաքննական մարմինն է նպատակահարմար համարում, որ իրականացնի նախաքննությունը և համապատասխան հանձնարարականներ է ուղարկում»:

Ավելի քան երկու ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մարզպետի որդին անցնում է որպես վկա: «Մինչդեռ հենց նա էր նախաձեռնողն ու բռնության անմիջական մասնակիցներից մեկը», - պնդում է Զաքարյանների մայրը, ում որդիներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, մյուսը՝ կոտրել քիթը։

Այս պահին մեղադրանք է առաջադրված արդեն 5 անձանց, այդ թվում Սեյրան Խաչատրյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, աղմկահարույց ծեծկռտուքի ժամանակ նա Մուշեղ Զաքարյանին ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Մեղադրյալներից մյուսը Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է՝ Մայիս Խաչատրյանը։

Հանրությանը քրեական անցյալով՝ այդ թվում 2004-ին կատարած դաժան սպանությամբ հայտնի մարզպետի զարմիկը արդեն ավելի քան 2 շաբաթ է հետախուզման մեջ է, դեռ անարդյունք։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին այլևս ոչինչ չի զարմացնում, տարիների փորձից գիտի՝ միևնույնն է Խաչատրյանները իրենց արարքների համար չեն պատժվում. - «Պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ասում են՝ ինչո՞ւ եք շտապում, Հայաստանը իրավական պետություն է, մասնագետները այդ հարցով զբաղվում են, դուք իզուր եք առաջ ընկնում, լրագրողներ և իրավապաշտպաններ․․․ Հին, փչացած ձայնապնակի կրկնություն է այս ամեն ինչը: Իրենք էլ գիտեն, որ իրենք կեղծում են, իրենք էլ գիտեն, որ իրենք ստում են, իրենք էլ գիտեն, որ իրենք ոչինչ անել չեն կարող՝ եթե նույնիսկ ուզենան»:

Գլխավոր դատախազությունը նախաքննական նյութերին ծանոթանալու նպատակով պահանջել էր նաև Սյունքիի մարզպետի դեմ մահափորձի գործը։ Ուսումնասիրություններից հետո դատախազությունը որոշել է այդ գործն ուղարկել քննությունն ուղարկել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ ինչպես այսօր փաստարկեց դատախազը՝ տարբեր նկատառումներից ելնելով:

Մահափորձի գործը ԱԱԾ ուղարկելու հիմքերի մասին չխոսեց նաև ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան ԱԱԾ տնօրենը, առանց մանրամասնելու, ընդամենը նշել է, թե այդ հիմքերը հետաքրքիր են։

«Անհնար է գուշակել, թե ինչու է Սուրիկ Խաչատրայանի դեմ մահափորձի գործն ուղարկվել ԱԱԾ քննչական վարչություն», - ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պարզաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով, մի կողմից, հստակ սահմանվում է, թե որ պարագայում գործը որ քննչական մարմնի վարույթում պետք է լինի: Մյուս կողմից է նշվում է, որ գլխավոր դատախազն ունի բացառիկ լիազորություն մեկ մարմնի վարույթից գործը տեղափոխելու մեկ այլ մարմնի վարույթ. - «Ընդ որում այս դեպքում քրեական դատավարության օրենսդրությունը որևէ սահմանափակում չունի, թե կոնկրետ որ դեպքերում կարող է մեկ մարմնի վարույթից վերցնել և հանձնել մեկ այլ մարմնի վարույթ»: