Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզման մեջ է, նա Գորիսի գործով 4 մեղադրյալներից մեկն է


Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզման մեջ է, նա Գորիսի գործով 4 մեղադրյալներից մեկն է
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

«Սդղի գյոլի» ծեծկռտուքի աղմկահարույց քրեական գործով երեկվանից հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին ոստիկաններն առայժմ չեն հայտնաբերել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մայիս Խաչատրյանը մեկուկես ամիս առաջ Գորիսում տեղի ունեցած արյունալի ծեծկռտուքի ժամանակ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից է։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Մայիս Խաչատրյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել, խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հունիսի 15-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մարզպետի եղբորորդին հանրությանը հայտնի է մի շարք այլ աղմկահարույց քրեական գործերով։ Մասնավորապես, 2004 թվականին նա Գորիսի բնակելի շենքերից մեկի շքամուտքում դանակի 12 հարված հասցնելով սպանել է 30-ամյա մի երիտասարդի ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել է պատժից։

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում սպանվածի հայրը՝ Ավրորա Բադալյանը պատմել էր, որ այդ դեպքից հետո, վախենալով նոր բռնություններից, մյուս որդուն ստիպված ուղարկել է արտերկիր։

«Լիսկայականները չթողեցին, որ տղաս ապրի, ստեղ խփեցին, սպանեցին»,- չկարողանալով զսպել արցունքները՝ պատմել էր Բադալյանը։

Վաղաժամ ազատ արձակված Մայիս Խաչատրյանը 2014 թվականի հունվարին կրկին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նա Յուրա Մանուչարյանի հետ գազալցակայանում ծեծի էր ենթարկել երկու անձի։ Յուրա Մանուչարյանը ևս «Սդղի գյոլի» ծեծկռտուքի մասնակիցներից է, նա քրեական գործում նույնպես ներգրավված է որպես մեղադրյալ և այս պահին կալանավորված է։ Տուժող Զաքարյանների պնդմամբ՝ նա Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռն է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարօրինակ չի համարում, որ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի միջադեպերը տեղի են ունենում մարզպետի որդիների կամ ազգականների մասնակցությամբ։

«Իր սեփական տարածքն է համարում Սուրիկ Խաչատրյանը։ Պարզ է, որ ինչ ուզենան, պիտի անեն։ Եվ այս մարդը չի մտածում, որ իր որդին արդեն հակված է հանցագործությունների։ Սա ողբերգություն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Նրա համար կարևոր է, որ նրանց առաջ խաղ չլինի։ Սա մի հոգեբանություն է, որից այս մարդիկ չեն կարող ազատվել»,- ասաց Ալեքսանյանը։

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» վայրում մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 4 անձի, նրանցից երկուսը կալանավորված են, մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մարզպետի եղբորորդուն հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են։

Չնայած տուժող Զաքարյան եղբայրների ծնողները բազմիցս բարձրաձայնել են, որ ծեծկռտուքի կազմակերպիչն ու անմիջական մասնակիցը մարզպետի որդին է, քրեական գործում Տիգրան Խաչատրյանը ներգրավված է որպես վկա։ Անցած շաբաթ Զաքարյանների մայրը «Ազատության» հետ նաև զրույցում պատմել էր, որ ծեծկռտուքի օրը տեսողությունը կորցրած որդին՝ Հարութը, ուշագնաց և անօգնական վիճակում երկար ժամանակ մնացել է դեպքի վայրում, իսկ եղբորը՝ Մուշեղին, մարզպետի որդին տարել է առանձին տարածք և ոստիկանների օգնությամբ այնտեղ պահել մինչև Սուրիկ Խաչատրյանի գալը։

«Տարել են, պահել են, մինչև մարզպետը գա, տեսնի Մուշեղին։ Հարութին թողել են էնտեղ, միլիցիաներն էլ փոխանակ տղաներով զբաղվեն, շրջափակել են Լիսկայի տունը ու էդ պանսիոնատը։ Ոնց որ մենք գնալու էինք, պայթեցնեինք իրանց տունը»,- ասել էր տուժածների մայրը։

Քննիչները պարտավոր էին ընթացք տալ այս հայտարարությանը, սակայն Սուրիկ Խաչատրյանը կրկին անպատժելի է, իշխանությունն անգամ մարզպետի պաշտոնանկության հարց չի քննարկում, նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Մարդուն հոշոտելու, ուտելու Սուրիկ Խաչատրյանի անհագ ցանկությունը... ինքը ժամանում է, որ մի բան ասի կիսամեռ այդ տղային, ընկած մարդուն։ Այ, սա է Սուրիկ Խաչատրյանը։ Ծեծված մարդուն շրջափակում, պահում են, որ նա դեռ բան ունի ասելու»,- ասաց Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG