Մեկուկես ամիս առաջ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի քննչական գործողությունները դադարեցված են, քանի որ Քննչական կոմիտեն քրեական գործի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն: Մարզպետի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, ով արդեն վեցերորդ օրն է հետախուզման մեջ է գտնվում, ոստիկանները դեռ չեն հայտնաբերել։
Մոտ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննական մարմնից պահանջել էր Սդղի գյոլի աղմկահարույց քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու, թե արդյոք ճիշտ քրեական գնահատական է տրվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։ Քննչական կոմիտեն, սակայն, նյութերը չէր ուղարկում՝ պատճառաբանելով, որ քննությունն ակտիվ փուլում է, դրա ընդհատումը նպատակահարմար չէ, իսկ դատախազը կարող է գալ և տեղում ծանոթանալ նյութերին։
Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության»-ը տեղեկացրեց, որ քրեական գործի նյութերը դատախազություն ուղարկել են երկու օր առաջ:
Դատախազությունից առայժմ չեն պատասխանում, թե ուսումնասիրություններն ինչ փուլում են, և երբ գործի նյութերը հետ կուղարկվեն նախաքննական մարմնին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ, քրեական գործի նյութերը պահանջելով՝ գլխավոր դատախազ Կոստանյանը ծառայություն է մատուցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
«Մենք տեսնում ենք Քննչական կոմիտեի կողմից որոշակի ակտիվություն և ակտիվությունից հետո դատախազությունը գործերը պահանջելու իր գործառույթն օգտագործում է քննչական գործողությունները կասեցնելու նպատակով: Այլ եզրակացություն ես չեմ ստանում: Գլխավոր դատախազը իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է հերթական անգամ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սաքունցը:
Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։
Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:
2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։
«ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղարկած հարցմանն ի պատասխան նախագահականից գրավոր պարզաբանել են, որ 2010 թվականին մարդասպանության համար դատապարտված Մայիս Խաչատրյանին ներում է շնորհել անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես համոզված եմ միանշանակ՝ եթե ներում չլիներ, ապա այս անպատժելի մթնոլորտը չէր կարող ունենալ այսպիսի շարունակական բնույթ», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր մերձավորները անպատիժ են մնում և հովանավորվում են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ընդդիմադիրները բազմիցս են բարձրաձայնել: Փոստանջյանը նաև հավելում է, որ մարզպետի եղբորորդուն ներում շնորհելը դրա վառ ապացույցն է։
«Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում գործում է մի կրիմինալ խումբ, որին օգտակար և անհրաժեշտ են Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ծառայությունը այս ոլորտում: Այսինքն՝ կրիմինալ ոլորտում կա պահանջարկ այսպիսի ծառայությունների, հետևաբար այսպիսի ծառայություններից էլ օգտվում է Սերժ Սարգսյանը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: