Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ միջազգային աուդիտը ուսումնասիրի ՀԷՑ-ում հնարավոր չարաշահումների հարցը

Your browser doesn’t support HTML5

«Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծեց, սակայն, որ առաջին հերթին դրված է ՀԷՑ-ի տեխնոլոգիական արդյունավետությունը պարզելու հարցը․

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելիք միջազգային ընկերության առջև դրվի նաև ընկերությունում հնարավոր չարաշահումներն ուսումնասիրելու հարցը:

«Ազատության» հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, սակայն, որ առաջին հերթին դրված է ՀԷՑ-ի տեխնոլոգիական արդյունավետությունը պարզելու հարցը․ - «Այս հարցերն են մեզ հետաքրքրում, և առաջին հերթին՝ տեխնոլոգիական կորուստները, ներդրումների ճիշտ ուղղվածությունը և այլն: Այս հարցերին չի անդրադառնում աուդիտը, այդ հարցերին ավելի շատ անդրադառնում է հանձնաժողովը: Եվ սա ավելի շատ կլինի խորհրդատուի աշխատանք: Ընկերության առջև կարող է դրվել մեկ այլ հարց, որի պատասխանը ես ի սկզբանե գիտեմ, բայց, կարծում եմ, որ հանրությունը, այնուամենայնիվ, կուզենար լսել անկախ գնահատողի կարծիքը․ արդյո՞ք չարաշահումները որևէ ձևով հաշվարկված են սակագնում, թե՞ ոչ: Այսինքն՝ նմանատիպ հարցադրումները, որոնք հուզում են հանրությանը»:

Աուդիտորական ոլորտում մեծ հեղինակություն և տարիների փորձ ունեցող «Գրանտ Թորընթոն» ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը վստահ է, որ իշխանությունների այս որոշումը ուշացած է․ աուդիտը պետք է հայտարարվեր նախքան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը կկայացներ թանկացման որոշումը:

«Այդուհանդերձ, լավ է ուշ, քան երբեք», - «Ազատության» հետ զրույցում պնդում է մասնագետը՝ շեշտելով, որ թանկացման ու չարաշահումների վերաբերյալ հարցերին կարող է պատասխանել միայն հատուկ նշանակության աուդիտը․ - «Առաջինը, իմ կարծիքով, պետք է ընկերությունը անցնի ֆինանսական հաշվետվությունների առանձին տարրերի, հաշիվների, հոդվածների հատուկ նշանակության աուդիտ, որի մեջ կուսումնասիրվեն ծառայությունների ընկերության ինքնարժեքը և ծախսային բոլոր հոդվածները: Երկրորդը, վերջին տարիներին ընկերությունը ներկայացրել է իր առաջարկությունները տարբեր տարիների սակագների բարձրացման, և պետք է ուսումնասիրել՝ արդյո՞ք այն աշխատանքները, այն ներդրումները, որ ընկերությունը ստանձնել է, իրականացվել են: Եվ երրորդը, խորհրդատուների կողմից պետք է ուսումնասիրվի այս տարվա ներկայացված, այս նոր սակագնի բարձրացման հինգ տարվա բիզնես-պլանը, և մասնագիտական պատասխան տրվի, թե որքանով իրատեսական է այդ բիզնես-պլանը»:

Դավիթ Հարությունյանը պնդում է, որ ՀԷՑ-ում նախատեսվող ստուգումները նպատակ ունեն պարզել, թե ինչ մեթոդաբանությամբ է հաշարկվել սակագինը, կային արդյոք այլ ուղիներ և սակագնի չբարձրացման դեպքում ինչ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին․ - «Մի երևույթը դա չարաշահումներն են ընկերությունում․ առկա՞ են, առկա չե՞ն, ի՞նչ ներքին մեխանիզմներ կան, որոնք թերի են, որոնք թույլ չեն տալիս ճշգրտորեն բացահայտել չարաշահումները և այլն: Այս մասը հարցադրման սակագնի հետ որևէ աղերս չունի, որովհետև սակագնի հաշվարկում ընկերության հնարավոր գերկորուստները, որոնք տեղի են ունենում չարաշահումների արդյունքում, չեն հաշվարկվում ընդհանրապես: Այսինքն, երբ կարգավորող հանձնաժողովը հաշվարկում է սակագինը, նա համարում է, որ որևէ չարաշահում լինել չի կարող, և ենթադրում է, որ ընկերությունը ստանում է գումարները հարյուր տոկոսով»:

Վերջին տարիներին ՀԷՑ-ում արդեն իսկ ասուդիտ է անցկացրել աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ բրիտանական Ernst & Young-ը: 2014 թվականի եզրակացության մեջ ասված է․ «Բացառությամբ մի քանի խախտումների, ընկերության տարեկան ֆինասնական հաշվետվությունը բոլոր առումներով ճշգրիտ է»:

Ավելի խիստ գնահատակններ են հնչել 2013 թվականի հաշվետվությունում․ բրիտանական աուդիտորը խորապես կասկածել է, որ ՀԷՑ-ը կկարողնա շարունակել գործունեությունը: Սակայն անգամ այդ եզրակացությունից հետո Հանրային ծառայությունները կարգավորևող հանձնաժողովը որոշել էր բարձրացնել հոսանքի սակագինը:

Լոնդոնի Քուին Մերի համալսարանում ֆինանսիստի մասնագիտություն ստացած Տիգրան Ավինյանը պնդում է, որ մինչև այժմ կատարված այդ ուսումասիրությունները արդեն իսկ բավարար էին՝ ժամանակին հասկանալու, որ ռուսական ընկերությունը ի վիճակի չէ նույնիսկ սականգնի բարձրացման դեպքում ճիշտ ծրագրել և կազմակերպել գործունեությունը․ - «Այստեղ չի մտցվել ճգնաժամային կառավարում: Մարդիկ փակել են ինը միլիարդ վնասով, մարդիկ ավելացրել են քսանյոթ միլիարդի պարտք, աշխատավարձային ֆոնդը աճում է ամեն տարի: Այսինքն, ճգնաժամային կառավարում պետք է սկսվեր, որը պետք է կոնկրետ ասեր, թե ինչ ծախսեր են շատ-շատ կոնկրետ ու մեծ քանակով կրճատվում: Այս աուդիտում ներկայացված տվյալներով, ՀԷՑ-ը ամեն ինչ անում է՝ ապացուցելու, որ ինքը ի վիճակի չէ նույնիսկ սակագների բարձրացման դեպքում ճիշտ պլանավորել և կազմակերպել իրենց գործունեությունը:

Մեկ բանում տնտեսագետներն ու կառավարության ներկայացուցիչը համակարծիք են՝ աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունների եզրակացության համար կպահանջվի առվնազն հինգ ամիս ժամանակ: