Աուդիտի արդյունքում կորոշվի, թե ինչ միջոցներով պետք է փոխհատուցվի էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը՝ սակագնի բարձրացմա՞ն, թե՞ ներդրումների միջոցով, ուրբաթ ուշ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի մոտ երեք ժամ տևած նիստից հետո հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«7 դրամը օդից չի իջել, դա օբյեկտիվ գին է: Բայց այդ 7 դրամի փոխհատուցումը ինչպե՞ս կլինի, կլինի ուղիղ՝ ինչպես հիմա է, կլինի ներդրումների միջոցով, թե այլ՝ ես հիմա չեմ կարող պատասխանել: Կլինի աուդիտ՝ կտեսնենք», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
Այս հայտարարությունից ժամեր առաջ, նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուս համանախագահ Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը՝ առաջարկելով ՀԷՑ-ում մանրազնին աուդիտ անցկացնել։ Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ռուսական կողմը ընդունել է առաջարկը, ավելին՝ Սոկոլովը հայտնել է, որ ՀԷՑ-ը ճգնաժամային վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր կա:
«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ աուդիտի արդյունքում որոշվի անհրաժեշտ 7 դրամը հայթայթել ոչ թե էլեկտրաէներգիայի թանկացման, այլ, օրինակ, ներդրումների միջոցով, Շարմազանովը պատասխանեց․ - «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգը առողջանա: Դա մեկ օրվա աշխատանք չէ, դա երկար պրոցես է, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ լինի հրապարակային»:
Հարցրեցինք՝ արդյո՞ք աուդիտ անցկացնելը նշանակում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կասեցվելու է մինչև դրա ավարտը:
«Ամեն ինչ իր հերթին»,- պատասխանեց ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով, որ սա գործընթացի սկիզբն է, ոչ թե ավարտը, - «Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է նման որոշում կայացնի»:
Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ առաջիկայում պաշտոնյաները կհանդիպեն լրագրողների հետ: Հարցին՝ որքա՞ն կարող է Բաղրամյան պողոտան փակ մնալ, իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց․ - «Դրական եմ գնահատում մեր քաղաքացիների խաղաղ պայքարը, ինչպես նաև դրական եմ գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալիզմը և հանդուրժողականությունը»: