Մատչելիության հղումներ

Քայլ, սակայն՝ կիսատ


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը մեկնաբանում են «Ո՛չ թալանին»-ի ներկայացուցիչը, տնտեսագետներն ու քաղաքական գործիչները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) աուդիտ անցկացնելու որոշումը մեր հիմնական պահանջը չի բավարարում», - պնդում են արդեն հինգ գիշեր Բաղրամյան պողոտայում լուսացնող ցուցարարները:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ընդգծում է՝ չեղյալ չի հայտարարվել հոսանքի մոտ 7 դրամով թանկացման որոշումը, ուստի իշխանությունները դեռ որևէ քայլ չեն արել:

«Որևէ բան չի փոխվում, ձևական բնույթ են կրում, բոլորս էլ դա գիտենք, էդ մի քանի մանր-մունր հարցերն էլ ընդամենը արվում են հանրության աչքը փակելու համար, բայց էսօր արդեն դրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չեն խաբի հաստատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ հավելելով․ - «Երեկ բոլորս էլ տեսանք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չընկրկեց էդ հայտարարությունից»:

«Այսինքն, սա դուք չեք դիտում որպես քայլ իշխանության կողմից ընդառաջ», - «Ազատության» այս դիտարկմանը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը արձագանքեց․ - «Ավելի ուրիշ մեխանիզմներ․․․ Դեռ ոտքը բարձրացրած վիճակ է, այսինքն՝ պիտի հիմա սպասենք՝ կա՛մ էդ ոտքը քայլ կանի առաջ, կա՛մ հետ կիջնի ու կմնա նույն տեղում»:

Աուդիտից էական սպասելիքներ չունի «Թրանսփարենսի ինթերնեյշլն» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը, ով վերջին շաբաթներին ակտիվորեն հետաքննում էր ՀԷՑ-ում չարաշահման դեպքերը: Ի՞նչ է ջրի երես հանելու այս աուդիտը, որ մինչև օրս չեն բացահայտել հեղինակավոր մյուս ընկերությունները, ասում է փորձագետը:

«Ինքը հասարակության համար գլոբալ առումով որևէ կերպ անդրադարձ կամ դրական ձեռքբերում չի կարող լինել, և անկեղծ ասեմ՝ էն մարդիկ, ովքեր որ սեղանին, խաղասեղանին հենց «աուդիտ» տերմինը նետեցին, այլ ոչ թե, օրինակ, խարդախության հետ կապված չարաշահումների բացահայտում, որը էլի էդ նույն աուդիտորական ընկերությունները լրացուցիչ ծառայությունների փաթեթում կարող են ասել, իմ կարծիքով, արջի ծառայություն են մատուցում հենց հասարակությանը», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Այսինքն, էդ անվան տակ իրենք էլ կարող են ասել շատ հանգիստ, որ «մենք աուդիտի ձեր պահանջը իրականացրեցինք», բայց ժողովրդի պահանջը, իմ հասկացողությամբ, ամենևին էս հրամցված աուդիտը չէր, այլ այն մասնակի ոլորտն է, որը որ ապացուցի, որ տվյալ ոլորտը զերծ է որևէ խարդախության հետ կապված չարաշահումներից»:

Տնտեսագետ Սամսոն Ավետյանի համար հստակ է՝ այսօր կռիվը միայն հոսանքի 7 դրամով թանկացումը չէ, այլ այս ոլորտում կոռուպցիայի, մենաշնորհի վերացումը: Փորձագետը վստահ է՝ իշխանությունների ձեռքերն այսօր կապված են, ՀԷՑ-ը օտար երկրի տիրապետության տակ է, մինչդեռ աուդիտը իշխանություններին հնարավորություն կտա անկաշկանդ գործել: Այդուհանդերձ, տնտեսագետը վստահ չէ՝ կօգտվի արդյոք իշխանությունն այդ հնարավորությունից:

«Աուդիտը իրենց համար, լավագույն դեպքում, հնարավորություն է իշխանություններին տվել, որպեսզի իրենք ճիշտ քայլեր այսօրվանից անեն: Եվ այս ալիքը, որը բարձրացել է, էլի եմ ասում՝ իրենց տվել է հնարավորություն, լավագույն դեպքում, որտեղ իրենք ավելի անկախ կարող են քայլեր անել: Անկախ, որովհետև մեր համակարգը այսօր մեզ չի պատկանում, այլ մասնավորեցվել է, և մասնավորեցվել է ուրիշ երկրի պետական կառույցներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետյանը և ընդգծեց․ - «Էդ առումով, իրենց համար առիթ է պետք, որ կարողանան խիզախ քայլեր անել: Դա իսկապես լավագույն սցենարն է, ինչքանով է դա հավանական՝ ես կասեմ՝ 50-50 է դրա հնարավորությունը»:

Ընդդիմադիր պատգամավորները թեպետ ողջունում են իշխանությունների այս նախաձեռնությունը, այդուհանդերձ, հստակ և գործուն քայլեր են պահանջում:

«Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը իշխանությանը հիշեցնում է՝ ժողովուրդը սպասում է թանկացման որոշման առ ոչինչ ճանաչում:

«Այն, որ հայտարարում են, որ ինչ-որ գործողություններ պետք է կատարեն, այդ գործողությունները այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ վստահություն դեռ չեն ներշնչում», - «Ազատությանը» ասաց Փոստանջյանը:

Սա քայլ էր, սակայն՝ կիսատ , վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով՝ վերջնական քայլը կլինի, երբ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ:

Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորը, այդուհանդերձ, լուրջ սպասելիքներ չունի այս աուդիտից, կարծում է՝ այն թերի կլինի զուտ այն պատճառով, որ ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտի թույլ օղակներից վերջինն է:

«Ե՛վ ատոմակայանում, և հիդրոէլեկտրակայաններում բոլոր, և՛ ջերմաէլեկտրակայաններում, և՛ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում․․․ հետո նոր վերջին օղակը գալիս է, ուրեմն, ՀԷՑ-ն է դառնում: Այսինքն, տեսեք՝ մինչև ՀԷՑ-ը ինչեր կա: Իսկ ով է ասել, որ, ուրեմն, էս մնացած ամբողջ շղթայում ամեն ինչ նորմալ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը:

«ՀԷՑ-ի շրջանառությունը, անհրաժեշտ հասույթը, ըստ Հանրային ծառայությունների հանձնաժողովի էդ լիցենզիոն պայմանի, 176 միլիարդ դրամ է, դրանից 120 միլիարդը հենց էդ արտադրող կայաններից գնման ծավալն է: Իսկ ով է ասել, որ արտադրող կայանների ծախսերը հիմնավորված են: Պետք է նայենք: Որովհետև վերջին օղակի միայն աուդիտը շատ թերի պատկերացում կտա, ամբողջական պատկերը չի տա», - շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG