Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդունել ցուցարարների 3-4 հոգանոց խմբի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ցուցարարների 3-4 հոգանոց խումբ, եթե հանրահավաքի մյուս մասնակիցները հրաժարվեն երթով նախագահի նստավայր շարժվելու մտքից, քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ազատ, անկախ Հայաստան» կոչով ցուցարարները շարժվում են Բաղրամյան 26։

Երթի մեկնարկից վայրկյաններ առաջ ոստիկանները հաղորդեցին, որ հավաքն անօրինական է, և պահանջեցին զերծ մնալ անօրինականությունից։ Ցուցարարները ոստիկաններին պատասխանեցին սուլոցներով։

Այսօր 19:00-ին լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը: Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Սիսակ Գաբրիելյան