Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը


ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը
please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա: Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու օգտին:

Բնակչության համար 1 կվտ/ժամի ցերեկային սակագինը կկազմի 48.78, գիշերայինը՝ 38.78 դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պնդմամբ, անցած 3 տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կուտակել է մոտ 36 միլիարդ դրամի վնաս: Սակագնով դեռ չի փոխհատուցվել 23.4 միլիարդը:

Հանձնաժողովի այսօրվա նիստին չէր մասնակցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը: Նա չէր ներկայացել նաև Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության հարցով լսումներին: Ինչպես հինգ օր առաջ՝ այսօր էլ Բիբինը բավարարվել է նամակ հղելով, այս անգամ՝ սպառնալից: Զգուշացրել էր՝ 17 դրամի փոխարեն հոսանքի գինը մոտ 7-ով բարձրացնելը խնդիրներ կառաջացնի: Հանձնաժողովը գտավ, որ Բիբինի պահանջները հիմնավորված չեն:

«Նշված որոշման նախագիծը հաստատվելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը», - հանձնաժողովի նիստում ՀԷՑ-ի ղեկավարի նամակն ընթերցեց Ռոբերտ Նազարյանը, - «Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո ընկերությունը կդիմի հանձնաժողովին՝ ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով: Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ նման մոտեցման դեպքում, երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, ընկերությունը հորդորում է հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարևորությանը և դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում ընկերությունը հայտնում է իր պարտականությունների անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին»:

Չնայած հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի ներկայացուցչի չգալը աննախադեպ է, բայց թե՛ ինքը, թե՛ մյուս չորս հանձնաժողովականները Բիբինի բացակայությամբ հաստատեցին նոր սակագինը:

Բիբինի նամակը որակելով «շանտաժ»՝ Ռոբերտ Նազարյան վստահեցրեց, որ հովհարային անջատումներ չեն լինի, ու հայտարարեց․ - «Մենք իրեն կապացուցենք, որ մենք, որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ամեն հնարավորություն տվել ենք անհրաժեշտ հասույթի ապահովման մասով, որպեսզի ինքը լիցենզիայով ամրագրված բոլոր պահանջները կատարի, Հայաստանի Հանրապետության օրենքներով պարտադրված բոլոր գործառույթները կատարի, և չի բացառվում, եթե ինքը այդ հարցով դիմի՝ տանուլ տա»:

Հանձնաժողովականներն այսօրվա նիստի ողջ ընթացքում լսում էին շենքի առջև հավաքված ցուցարարների վանկարկումները՝ ամո՛թ, ամո՛թ:

Այսօրվա քննարկումը բավականին բուռն էր: Հանձնաժողովի հրավիրած նիստի կեսից քննարկման դահլիճ մտավ հոսանքի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից մեկը՝ Վահագն Մատինյանը և առաջարկ արեց․ - «Ի՞նչ են խնդրում ցուցարարները: Այն մի հարցը, որ միանշանակ՝ չթանկանալ, այդտեղ երկու կարծիք չկա: Բայց եթե դա այսօր հնարավոր չէ այդ հարցին լուծում տալ, խնդրում են հետաձգել այսօրվա քվեարկությունը»:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հանձնաժողովին կոչ արեց քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածել հետևանքների մասին:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եկել էր առաջարկելու՝ կասեցնել ՀԷՑ-ի հայտը, բայց այլ հարցեր էլ ուներ․ - «[Եկել եմ], որ Բիբինին հարց տամ՝ ինչպե՞ս է լինում, որ 21 դրամով վերցնում ես՝ չարչարվում է ՀԷԿ-ը, չարչարվում է ատոմակայանը, ՋԷԿ-ը, այդքան տանջվում են, ստեղծում են արդյունք, դու ընդամենը վաշխառուի պես վերցնում վաճառում ես մեզ, և հիմա կրկնակի վաճառելով չես բավարարվում, այդքան շահույթի չե՞ս բավարարվում»:

Երբ քննարկմանը ներկա «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դժգոհեց, թե՝ «այսօր որոշվում է Հայաստանի Հանրապետության բնակչության 80 տոկոսի ճակատագիրը, և այս նիստը դուք վերածեցիք կլոունադայի», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը զայրացավ և նրան դահլիճից դուրս հրավիրեց՝ «բոլորին վիրավորելու» համար, սակայն ի վերջո փոխեց իր այդ որոշումը:

Ի դեպ՝ թեև Ռոբերտ Նազարյանին ներկաներից ոչ մեկը ռուսամետության մեջ այսօր չէր մեղադրել, նա որոշեց տեղեկացնել․ - «Ես ռուսամետ չեմ, ես հայամետ եմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը և շարունակելու եմ անել այնպիսի բաներ, որ երբևիցե չամաչեմ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացուց իմ արածի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG