Փոստանջյան․ Մոբիլիզացիայի դեպքում կարող ենք հասնել նույնիսկ սակագնի նվազեցմանը

Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այդ մոբիլիզացիան պետք է լինի Հայաստանի Հանրապետության բոլոր հրապարակներում:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիքով, Ազատության հրապարակում նստացույց անող ցուցարարների պահանջը բավարարելը՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը կասեցնելը, չի կարող օգտակար լինել:

«Համակարգը քայքայել և նորից գնալ մարդ ճարել, նոր մարդիկ, որ բերենք համակարգ վերականգնեն, ես նման տիպի բաներին բացարձակապես կողմնակից չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Նույն խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, թանկացումը հնարավոր կլինի շրջանցել մեկ դեպքում՝ եթե գտնվեն լրացուցիչ միջոցներ, քանի որ «չեն ուզում համակարգը գցել այն օրը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ առաջանա»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պնդմամբ, անցած երեք տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 36 մլրդ դրամից ավելի կորուստ է ունեցել: Անցած թանկացումով չի փոխհատուցվել 23.4 մլրդը: ՀՀԿ-ական պատգամավորը հենց այդ գումարի մասին էր խոսում․ - «Կա՛մ օդից թեկուզ այդ գումարը գտնվի, որպեսզի մենք կարողանանք լուծել այդ տհաճ խնդիրը, որ ծառացած է այսօր երկրի առջև, կա՛մ մենք ստիպված ենք գնալու այդ քայլին, որպեսզի չունենանք լուրջ պրոբլեմներ: Ես ինքս ցանկացած թանկացման դեմ եմ: Բայց երբ որ հիշում եմ, որ կարող է հանկարծ գան այն օրերը, ինչպիսին շատերը ապրել են 1993-96 թվականներին, ես չէի ցանկանա, որ հիմա ևս՝ 21-րդ դարում մեր պետությունը, մեր ժողովուրդը հայտնվի նման վիճակում»:

Թե՛ Բաղդասարյանը, թե՛ Ավետիսյանը պնդում են, որ թանկացումը հարկադրված քայլ էր:

«23.4 միլիարդը դա պարզապես բերանով ենք ասում, դա թիվ է: Դա գումար է, և այդ հարցի պատասխանը կտա կառավարությունը: Միայն ես կարող եմ հիմա պատասխանել․ այս պահին առանց հիմնավորումների կասեցում կատարելը կվտանգի համակարգի ապագա աշխատանքը: Եվ մեկ տարի հետո պատասխանատվությունը կրողները այդ պահանջողները չեն լինելու՝ այդ կասեցնողներն են լինելու պատասխանատվություն կրողները», - փաստարկեց Վահրամ Բաղդասարյանը:

Կասեցման մասին մտածողներին նա խորհուրդ տվեց․ - «Խորհուրդ չեմ տա, որ հանկարծ նման տիպի գործընթացի գնան՝ առանց հիմնավորումների: Հերոս դառնալու համար մի ամիս, երկու ամիս, կարող է անեն նման որոշում: Բայց դա կտևի մեկ-երկու ամիս ընդամենը»:

Դիտարկմանը, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում ցուցարարները սպառնացել են շարժվել դեպի Բաղրամյան 26, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Թանկացումների արդյունքում իշխանություն չեն կորցնում․․․ Եթե ես իմանամ, որ մեկը կա, այս ձեր խոսացողները, որոնք եղել են ժամանակին և կործանել են, հիմա ոտքի են կանգնացնում աստիճանաբար, որ գան, ես իմանամ, որ գալու են իշխանության, և էժանացումներ է լինելու, լիություն է լինելու, հենց վաղը ես հայտարարությունը կանեմ: Առանց ծրագրի գալիս են էժանացո՞ւմ անելու: Դադարեցրե՛ք ասում են, կասեցրե՛ք․․․ առանց հիմնավորումների, առանց պատճառաբանումների, առանց որևէ բանի․․․ Սա կասեցրե՛ք, էժանացրե՛ք, հարկերը վերացրե՛ք․․․ Այդպես երկի՞ր են կառուցում, այդպես պետությո՞ւն են կառուցում»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ իշխանությունը չի կասեցնի էլեկտրաէներգիայի թանկացումը․ - «Ընտրությունը կատարվում է, ասենք, հովհարային անջատում ունենալ-չունենալու, սնանկացման կամ ուրիշ ավելի վատ հետևանքների կամ սրա միջև»:

Մելքումյանի փոխանցմամբ՝ իրենց կուսակցությունում չի քննարկվել՝ եթե երեկոյան հրաժարականի պահանջներ հնչեն, դրանց միանալո՞ւ են, թե՞ ոչ: Ընդդիմադիր պատգամավորը ցուցարարներից կտրուկ քայլեր չի սպասում․ - «Եթե դրա անհրաժեշտությունը կլինի, որ քաղաքական ուժը միջամտի դրան, և դա կտանի լուծման, մենք անպայման մեր քայլերը կանենք: Բայց եթե մենք տեսնում ենք, որ այդ քաղաքացիական շարժումը ինչ-որ կետի է հասնելու․․․ չեմ ուզում հետ գնամ ձեզ և մեզ հայտնի բաների, թե դա ինչ է լինում․․․ Եկեք մի քիչ իրատեսական լինենք»:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») կարծում է, որ ցուցարարների բարձրացրած պահանջի բավարարումը հնարավոր է համընդհանուր մոբիլիզացիայի դեպքում․ - «Այդ մոբիլիզացիան դեռ առկա չէ, կա ուղղակի գործընթացի մեկնարկ, որից հետո, եթե լինում է այդ մոբիլիզացիան, բոլոր հրապարակները լեցուն են, պահանջը մեկն է, ապա իհարկե և՛ կասեցում կլինի, դեռ ավելին՝ մենք կարող ենք հասնել նույնիսկ սակագնի նվազեցմանը»:

Եթե Հայաստանի քաղաքացին ոտքի ելնի, Բաղրամյան 26 գնալու կարիք էլ, ըստ Փոստանջյանի, չի լինի․ - «Ես կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ Բաղրամյան 26-ը ինքը գա և՛ Ազատության հրապարակ, և Հայաստանի Հանրապետության բոլոր հրապարակներ: Երբ մարդիկ համատարած հավաքական ուժի ներքո գործում են, ապա, այո, այդպես էլ լինելու է»: