Բաքվի օլիմպիական խաղերին երկու ղարաբաղցի մարզիկ կմասնակցի

Your browser doesn’t support HTML5

Ղարաբաղցի երկու մարզիկներ՝ սամբիստներ Սոսե Բալասանյան ու Աշոտ Դանիելյանը, կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրոպական օլիմպիական խաղերին, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ է, որ արցախցի մարզիկները սպորտային մրցումների են մեկնում Ադրբեջանի մայրաքաղաք:

Ի դեպ, Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հենց Դանիելյանի հաղթանակից հետո՝ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ էր ադրբեջանցի մարզիկը ցուցադրաբար կքանստել, ինչից հետո ստիպված էր եղել ներողություն խնդրել:

«Մեր սամբիստները մասնակցելու են Բաքվում կայանալիք խաղերին, նրանք ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում, և քանի որ Հայաստանի չեմպիոններ են, մարզիկները համապատասխան քաշերում մասնակցելու են: Ղարաբաղից մասնակցելու են երկու մարզիկ և մարզիչը: Ամսի 20-ին Վրաստանով կմեկնեն Բաքու, մրցումները տեղի կունենան ամսի 22-ին», - ասում է Հովսեփյանը:

Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո միայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում կայացրեց Բաքու մարզիկներ ուղարկել: Ղարաբաղի սպորտկոմիտեի նախագահի խոսքով՝ ի սկզբանե դեմ է եղել, որ հայկական պատվիրակությունը մասնակցի Բաքվի խաղերին:

«Մենք ունենք վստահություն, որ ամեն ինչ նորմալ կլինի, վերահսկողությունը կա, հատուկ մարդիկ են կցելու, այնտեղ անվտանգությունը ապահովելու են, բայց էլի չեմ կարող ասել ինչ կլինի, ինչ չի լինի: Ընդհանրապես ես դեմ եմ, որպես սպորտի կոմիտեի նախագահ, որպեսզի մեր մարզիկները մասնակցեն: Մենք մի անգամ անցկացրինք ձյուդոյի Եվրոպայի առաջնություն Հայաստանում, ադրբեջանցիները եկան և ոչ մի բան էլ չեղավ, ընդհակառակը՝ նրանք դուրս էին գալիս և ազատ քայլում էին քաղաքում, բայց մեր մարզիկների համար, ես համոզված եմ, որ նման հնարավորություն չի ստեղծվի», - ասում է նա:

Հովսեփյանը վստահ է՝ եթե խանգարող հանգամանքներ չլինեն, արցախցի մարզիկները հնարավորություն ունեն մրցանակային տեղեր գրավելու: Նրա խոսքով՝ երկուսն էլ լավ մարզավիճակում են, նրանց հետ աշխատանքներ են տարվում հոգեբանական գործոնի ազդեցությունը հաղթահարելու համար: Սակայն Ղարաբաղի սպորտի պատասխանատուն վստահ է՝ հայկական պատվիրակության համար խոչընդոտներ են ստեղծելու․ - «Համապատասխան պայմաններ չեն ստեղծվի, որպեսզի նորմալ այդ մրցումներին մասնակցեն: Նրանք աշխատելու են, որպեսզի չբարձրացվի Հայաստանի դրոշը, մրցավարների հետ կապված թեկուզ, ես կասկածներ ունեմ, որ ամեն քայլի գնալու են, որ մեր մարզիկները մրցանակային տեղեր չգրավեն»:

Սոսե Բալասանյանի անձնական մարզիչ Վանո Ազիզբեկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր սանը լավ մարզավիճակում է, ամեն օր մարզվում է․ - «Սոսեն Հայաստանում կայացած հավաքներին է մասնակցել, Ստեփանակերտում ևս հավաքներ են անցկացվել հայկական պատվիրակության մասնակցությամբ: Ջանասիրաբար մարզվում է մրցանակային տեղ գրավելու համար»:

Բաքու մեկնող մարզիկներն այս օրերին խուսափում են լրատվամիջոցների ուշադրությունից՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել Ադրբեջանից վերադառնալուց հետո: