Ավելի քան մեկևկես տարի չվճարված աշխատավարձերի վճարում պահանջող «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր մի քանի ժամ ապարդյուն սպասելով վարչապետի արձագանքին, փակեցին Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող փողոցը։
Անցած ամիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեցին, որ պարտքը կմարվի մինչև տարեվերջ։ Ցուցարարները, սակայն, պնդում են, որ այդպիսի խոստումներ նախորդ տարի էլ են լսել, աշխատավարձ, սակայն, այդպես էլ չեն ստացել։
«Մեզ պետք է պարտքերի մարման ժամանակացույց: Եվ այդ ժամանակացույցի մեջ մենք կնայենք՝ համաձա՞յն ենք դրան, թե՞ չէ: Կարող է ինքը հայտարարում է՝ դեկտեմբերին ամբողջ պարտքը փակում եմ: Ի՞նչ անեմ, վեց ամիս սոված նստե՞մ», - վրդովված ասաց ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Շաբաթներ առաջ կառավարությունը խոստացել էր նաև 1-2 օրվա ընթացքում ԱՊՀ միջպետական բանկից հետ վերցնել «Նաիրիտ»-ի գրավադրված բաժնետոմսերը, վաճառքի հանել ոչ պիտանի գույքը՝ աշխատավարձի պարտքը մարելու համար։ Ցայսօր, սակայն, նախարարությունից որևէ մեկը չի պարզաբանել, թե որ փուլում է այս գործընթացը։
Ոստիկանների միջամտությամբ ցուցարարները որոշ ժամանակ անց ստիպված եղան ճանապարհ տալ մեքենաներին։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ մյուսների ազատ տեղաշարժը խոչընդոտելն օրինական չէ․ - «Մեր հնարավորությունները և մեր ուժը բավարարում է Հայաստանի Հանրապետությունում ցանկացածին կարգի հրավիրելու, բայց ձեր նկատմամբ չենք ուզում ուժ կիրառենք: Այդ ուժը, եթե կիրառենք, լինելու է օրենքի սահմաններում: Հավատացեք»:
Ցուցարարները հակադարձեցին, թե օրենքը խախտում են առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները։ Նրանք հայտարարեցին, որ կսպասեն վարչապետի հետ հանդիպմանը, սակայն, եթե նրա պատասխանն իրենց չբավարարի, երեքշաբթի օրվանից անժամկետ նստացույց կսկսեն։
«Երեքշաբթի օրը գալիս եք ձեր փոքրիկ աթոռներով, բարձերով: Գալու ենք ընտանիքներով, գալու ենք երեխաներով, գալու ենք թոռներով․․․ Երեքշաբթի օրը, կախված կառավարության պահվածքից և պատասխանից, մեզ մոտ կսկսվի անժամկետ նստացույց», - հայտարարեց Անուշ Հարությունյանը: