Դատավորը կրկին դահլիճից հեռացրեց Հայկ Կյուրեղյանին

Your browser doesn’t support HTML5

Այսօրվա նիստում, ինչպեսև ամբողջ դատաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են միայն ոստիկանները։

Ավելի քան երկու ամիս դատաքննությանը չմասնակցող և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նիստերից հեռացված Հայկ Կյուրեղյանն այսօր ի վերջո դահլիճ բերվեց՝ ցուցմունք տալու։

Սակայն նա այսօր էլ ոտքի չկանգնեց՝ կրկին պնդելով, որ չի հարգում դատարանին։ Դատավորը, սակայն, հանդուրժեց, որ Կյուրեղյանը մեղադրողի և տուժող ճանաչված ոստիկանների հարցերին նստած պատասխանի։

Կյուրեղյանը կրկին պնդեց, որ «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի ու նրա համախոհների գործով դատական նիստի օրը դատարանի առջև օդամղիչ ատրճանակից կրակ է բացել՝ բողոքելով անարդարության դեմ․ - «Այդ եղանակով փորձել եմ ցույց տալ, որ ոստիկանությունը ոչ թե իրականացնում է հասարակությանը պաշտանող ֆունկցիա, այլ ընդհակառակը՝ ոստիկանությունը իրականացնում է հասարակությանը, հանրության պատժող ֆունկցիա»:

Այսօրվա նիստում, ինչպեսև ամբողջ դատաքննության ընթացքում, որպես վկա հարցաքննվել են միայն ոստիկանները։

Մեղադրանքում նշված է, որ Կյուրեղյանը հասարակության նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, իր անձը հասարակությանը հակադրելու և իր գերակայությունը ի ցույց դնելու մղումով է բարձրացել ավտոմեքենայի տանիքին և օդամղիչ ատրճանակից կրակել ոստիկանների ուղղությամբ։

Մասնագիտությամբ ծրագրավորող 31-ամյա ամբաստանյալն իր հերթին հարց ուղղեց դատախազին, պահանջեց բացատրել մեղադրանքի էությունը։ Ասաց՝ չի հասկանում, թե ինչպես և ում նկատմամբ է փորձել ի ցույց դնել գերակայությունը․ - «Գոյություն ունի՞ մեր հայկական օրենսգրքում գերակայությունը ի ցույց դնելու մեղադրանք»:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը կրկին որոշեց նրան դահլիճից հեռացնել՝ ոտքի չկանգնելու և դատարանի նկատամբ անհարգալից վերաբերմունքի համար։

Հաջորդ դատական նիստերը կկայանան առանց մեղադրյալի: