«Իմ գործով դատավարությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի», - կալանավայրից երեկ տարածած հայտարարության մեջ նշել է Հայկ Կյուրեղյանը, ով անցած տարի Շանթ Հարությունյանի և ընկերների դատաքննության մեկնարկին բողոքի ակցիա էր իրականացրել՝ ոչ մարտական ատրճանակից կրակոցներ արձակելով: Կյուրեղյանը հայտարարություն էր տարածել այսօր նշանակված դատական նիստին ընդառաջ։
Նրա հարազատները, միայն դատարանում տեղեկացան, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատավոր Բեկթաշյանը այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Եթե նիստը անգամ կայանար, Հայկ Կյուրեղյանը դահլիճում չէր լինի. նախորդ նիստերի ընթացքում Կյուրեղյանի ոտքի չկանգնելու որոշումը դատարանը անհարգալից վերաբերմունք էր համարել և տասը ժամով զրկել Կյուրեղյանին իր իսկ դատաքննությանը ներկա գտնվելու հնարավորությունից:
Կալանավայրից տարածած հայտարարությունում Կյուրեղյանը նշել է. - «Հայաստանում դատական համակարգը գործող ինքնակոչ իշխանությունների խամաճիկն է, որի հիմնական գործառույթը ոչ թե արդարադատության իրականացումն է հանուն Հայաստանի Հանրապետության, այլ իշխանությունների «չագուչն» է ընդդեմ ժողովրդի»:
Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի խոսքով, հարգանքը ստիպելով չի լինում, եթե դատարանն ուզում է հարգանք վայելել, պետք է իրոք արդարադատություն իրականացնի:
«Պատվեր կատարելով, դատարանին ոչ ոք չի հարգի, ով էլ որ ոտքի է կանգնում, ստիպված է ոտքի կանգնում՝ առանց հարգելու», - ասաց Արմենակ Կյուրեղյանը։
Ակցիայից հետո Հայկ Կյուրեղյանին նախ մեղադրանք առաջադրվեց զենքի գործադրմամբ խուլիգանության համար, որը նախատեսում է 4-ից մինչև 7 տարվա ազատազրկում, ապա մեղադրանքը ծանրացվեց՝ ավելացավ նաև ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը, որի համար նախատեսվում է 5-ից 10 տարվա ազատազրկում:
Արմենակ Կյուրեղյանի համոզմամբ՝ նույն սցենարն է՝ ինչ Շանթի և ընկերների, կամ քաղաքական դրդապատճառներով այլ դատավարությունների ընթացքում։
«Պատժելու համար պետք է որքան հնարավոր է ծանր մեղադրանք ներկայացնել։ Ռեժիմի ոճն ու գործելակերպն է։ Շանթի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի... բոլորի նկատմամբ, և բոլոր քաղաքական դրսևորումները նման ձևով փորձվում է ճնշել, խեղդել, վախի մթնոլորտ տարածել, որ մարդիկ չփորձեն քաղաքական հարցեր բարձրացնել», - ասաց Կյուրեղյանի հայրը։
Հարցին, թե ծայրահեղ քայլ չէ՞ր որդու ակցիան, Արմենակ Կյուրեղյանը պատասխանեց, որ բողոքի ակցիան քաղաքական էր։ Իսկ ծայրահեղ է, թե ոչ, հոր համար դժվար էր գնահատել. - «Երբ որ մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում այս երկրում, արդյո՞ք նման քայլը ծայրահեղ է, թե՞ շատ ադեկվատ քայլ է»։
Հայտարարության մեջ Հայկ Կյուրեղյանը գրել է, թե կրկնում է հունիսի 12-ի իր ակցիայի հայտարարությունը, որ կրակոցներն ուղղված են բացառապես համակարգին. - «Ես դեմ եմ դուրս եկել հրեշին՝ գործող համակարգին և այդ համակարգով իշխող ռեժիմին, և իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին:»
Արմենակ Կյուրեղյանի խոսքով, որդու քայլը հողմաղացների դեմ պայքար չէ. - «Նման դեպքերում միշտ անհատներից է շարժումը սկսվում և առաջանում, նրանք օրինակ են ծառայում մյուսներին, որոնք ուզում են երկրում ինչ-որ մի բան փոխվի, իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նախևառաջ մենք մտավորականության խնդիր ունենք, այս ամեն ինչը մտավորականությունը պետք է առաջ տանի և ոչ թե անհատ երիտասարդները, որոնք կյանքն են դնում, զոհաբերում են իրենցից շատ բաներ»։
Այժմ իրենց քաղաքական ընդվզման համար բանտախցերում գտնվողների նման, Հայկ Կյուրեղյանը ևս զոհողության է գնացել հանուն Հայաստանի և պետականության, ասաց Կյուրեղյանի հայրը. - «Այդ բոլոր մարդիկ, ովքեր հիմա բանտերում են, ծեծ են ուտում, որոնք ռեժիմի դեմ են դուրս եկել և հարվածներ են ստանում, անում են բոլորիս համար, իրենց համար չեն անում։ Ոչ ոք չի ուզում գնա գլուխը դնի ինչ-որ մի բանի տակ, ուղղակի այդ մարդիկ հասկանում են, որ եթե իրենք չանեն, բա ո՞վ. դա Հայկի մտածելակերպն է՝ եթե ես չէ, բա ո՞վ»։