Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ նշել են, թե հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու հարցում»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով այդ հայտարարությամբ համանախագահները ողջունում են Ղարաբաղում ազատ ընտրությունները։
«Այս հայտարարությունում առավել կարևորը հետևյալն է՝ համանախագահները ողջունում են այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանցկացնի ևս մեկ ժողովրդավարական ու ազատ ընտրություն՝ օգտվելով իրենց ապագան և իշխանություններին ընտրելու իրավունքից։ Նրանց ուղերձում նաև հակասություն կա՝ համանախագահներն ասում են, որ չեն ընդունելու ընտրությունների արդյունքները», - ասում է Կիրակոսյանը:
Համանախագահների հայտարարությունում նշված է, որ միջնորդ երեք երկրները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն, հետևաբար նաև չեն ընդունում ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն։
Հայտարարությունում հակասություն է տեսնում նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմն այդ հայտարարությունում նկատելու է միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից:
«Շատ կոպիտ ասած՝ նա մեկնաբանում է հետևյալ կերպ․ եթե միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, չի ճանաչում որպես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող տարածք և չի ճանաչում նաև այդ տարածքում գործող իշխանություններին, դրա ձևավորման ընթացակարգերը, այդ թվում և խորհրդարանական ընտրությունները, հետևաբար ես իրավունք ունեմ միջազգային իրավունքի շրջանակներում ամեն միջոցով վերականգնել իմ տարածքային ամբողջականությունը», - մեկնաբանում է Սաֆարյանը:
Ընտրությունների գործընթացի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ այն հանգամանքը, թե միջազգային որ կառույցը կճանաչի, և որը չի ճանաչի Ղարաբաղի ընտրությունների արդյունքները, նշում է Ղարաբաղի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։
«Ընտրությունների արդյունքները ճանաչելու ու չճանաչելու խնդիր չկա, քանի որ փաստացի ընտրությունները անցկացվում են, դրանց արդյունքները ժողովրդավարական են լինելու և առաջին հերթին դրանք կատարվում են հենց ԼՂՀ ժողովրդի համար: Մեր քաղաքական համակարգը, կառավարման համակարգը, մեր որոշած տարբերակով՝ այսինքն Սահմանադրությամբ ինչպես որոշված է, այնպես էլ կիրարկելու համար», - հայտարարեց Բեգլարյանը:
Ռիչարդ Կիրակոսյանը նաև նկատում է, որ համանախագահներն, անդրադառնալով ղարաբաղյան առաջիկա ընտրություններին, ըստ էության, նաև հանդիմանում են Ադրբեջանին։
«Այդ հայտարարությունը նաև Ադրբեջանում ժողովրդավարության պակասի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազատազրկման մասին է։ Կարևոր է նկատել, որ Ղարաբաղը ժողովրդավարական ընտրությունների ավելի երկար պատմություն ունի քան Ադրբեջանը կամ Հայաստանը», - ասում է փորձագետը:
Ռիչարդ Կիրակոսյանը միևնույն ժամանակ նկատում է, որ, այնուամենայնիվ, այժմ համանախագահների գործունեությունը հիմնականում ուղղված է պատերազմը կանխելուն և ոչ թե խաղաղ լուծման մանրամասները մշակելուն։
Ստեփան Սաֆարյանն ավելացնում է. - «Համանախագահների հայտարարությունը առաջին հերթին միտված է հակամարտությունը կառավարելի պահելուն և այն բանակցային գործընթաց վերադարձնելուն