ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին, երեկ Փարիզում հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ - «Մենք յուրաքանչյուր նախարարի հետ հանդիպման ժամանակ շեշտեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը, և շարունակեցինք նախապատրաստական աշխատանքներ տանել այս տարի՝ ավելի ուշ, նախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ»:
Հաղորդագրությունում նշվում է, որ նախարարները համաձայնել են համանախագահների միջնորդությամբ հանդիպել միմյանց նախագահների հանդիպման օրակարգը ձևավորելու նպատակով և ողջունել են համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը:
Համանախագահները նաև արձանագրում են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններ» են անցկացվելու ու հավելում․ - «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»: