Լեռնային Ղարաբաղում լրտեսության ու դիվերսիայի մեղադրանքով 22 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիևը Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալում վիրահատության է ենթարկվել:
Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գուլիևը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ունի: Իրավապաշտպանը և կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանն այցելել են Գուլիևին ու տեղեկացել նրա ինքնազգացողության մասին:
«Վիրահատությունը հաջող է անցել, նրա ինքնազգացողությունն այժմ շատ լավ է: Նա իր առողջության վերականգնման համար շնորհակալություն է հայտնել ինչպես Ղարաբաղի իշխանություններին, այնպես էլ բժիշկներին: Մեր նախորդ այցի ժամանակ նա հայտնել էր, որ լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի ու մենք Ղարաբաղի իշխանություններին խորհուրդ էինք տվել մասնագետներ հրավիրել, հետազոտություն անցկացնել ու համապատասխան քայլեր ձեռնարկել», - ասում է իրավապաշտպանը:
Օհանջանյանը1992-ին ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Նրա խոսքով՝ գերիներին ու Լեռնային Ղարաբաղում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներին մարդկային վերաբերմունք ցուցաբերելու քաղաքականությունը Ստեփանակերտը ստանձնել է պետության հիմնադրման օրվանից:
«Երբ ռազմագերիներն ու Ադրբեջանի քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների հետևանքով մեր կողմում էին հայտնվում, մենք նրանց առավելագույնս հումանիտար օգնություն էինք ցուցաբերում, նույնիսկ այն պայմաններում, երբ Ղարաբաղում հնարավորություն չկար նորածիններին կաթով ապահովելու, մենք հասնում էին նրան, որ Ղարաբաղի կողմում հայտնված ադրբեջանցի երեխաներին կաթ հասնի, որը որպես հումանիտար օգնություն ստանում էինք Սփյուռքից», - պատմում է նա:
Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
«Բժիշկները զննել են, գտել են, որ ինքը պետք է վիրահատվի, ինքը համաձայնությունը տվել է, վիրահատել են: Հիմա նա լավացել է, գտնվում է իր տեղում՝ մեկուսարանում», - նշեց նա:
Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ Ղարաբաղում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ նման պահվածքը խոսում է այն մասին, որ Ղարաբաղում մարդկանց հանդեպ վերաբերմունքը պայմանավորված չէ նրանց ազգությամբ:
«Գիտեք, որ տեղի է ունեցել բաց, թափանցիկ դատավարություն, այդ մարդիկ ստացել են իրենց պատիժը և ցանկացած կալանավոր, ցանկացած բանտարկյալ նաև իրավունք ունի բուժվել, եթե իր առողջությանը սպառնում է ինչ-որ վտանգ: Դրա համար մենք հայ ենք, այլ ոչ թե ադրբեջանցիների պես առողջ մարդկանց սպանում, սրսկում ենք ինչ-որ նյութեր, վաճառում նրանց օրգանները: Սա մեր քաղաքակրթությունը չէ, և սա ցույց է տալիս հայ ժողովրդի մեծությունը ու այն ուժը, որ մենք ունենք», - ասում է Բաբայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատապարտված ադրբեջանցիների դատապաշտպանները «Ազատությանը» փոխանցել էին, թե պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել: Փաստաբան Արկադի Իսրայելյանն այսօր տեղեկացրեց, որ բողոքն արդեն ներկայացված է, բայց դատական նիստերի օրերն առայժմ հայտնի չեն: