Նալբանդյան․ Ժխտողականությունը հեռանկար չունի

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա, ընդգծում է Հայաստանի ԱԳ նախարարը:

Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլն ավելի է բարդացնում նրա դիրքերը, հայտարարում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ գնահատելով պաշտոնական Անկարայի արձագանքը Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևի վերաբերյալ:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծում է, թե Անկարան փորձում է շանտաժի ենթարկել միջազգային կառույցների և բազմաթիվ երկրների

«Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա», - շեշտեց արտգործնախարարը:

«Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն, դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը», - շարունակեց Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության»-ը տված մեկնաբանությունում հիշեցնում է, որ դեսպանների հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել, իսկ այս դեպքում Անկարան գործ ունի Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանի հետ:

«Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են 28 երկրից հետ չկանչել դեսպաններին, հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանար: Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման: Ես կավելացնեի՝ միջազգային հանրության հետ», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Պաշտոնական Երևանի գնահատմամբ՝ ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ «Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին»:

Քվեարկությունից մոտ մեկ ժամ անց՝ երեկ երեկոյան, Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով՝ հայտարարելով, թե այսպիսով Եվրոպական այս կառույցը ուղերձ հղեց Անկարային:

«Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար»:

Ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի, էական է, որ եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կառույցում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքն է, միասնական գնահատական: Պատգամավորը վստահեցնում է, որ իր եվրոպացի գործընկերները քվեարկել են բացառապես սեփական համոզմունքներով:

«Ոչ մեկ չէր գտնվում, այսպես ասած, հայկական ագրեսիվ կամ ակտիվ քարոզչության ազդեցության տակ, ոչ մեկի համար խնդիրը չէր կրում արհեստական գործողության բնույթ կամ ելույթ չէին ունենում ինչ-որ մեկին լավություն անելու կամ հայ ժողովրդի աչքին լավ երևալու համար», - ասաց պատգամավորը:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին թեև դուր չի եկել, որ տեքստում գերագնահատվում է հայ-թուրքական արձանագրությունների դերը, կամ հիշատակվում էրդողանի՝ անցած տարվա ցավակցությունը, որն, ըստ դաշնակցական գործչի, ավելի շատ ժխտում էր, այդուհանդերձ, Մանոյանն ասում է՝ առաջընթացը մեծ է:

«Թուրքիան պարտվում է այս հարցում ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև միջազգային հանրային կարծիքի ճակատում և դա վստահաբար կունենա իր ազդեցությունը Թուրքիայի հասարակության վրա: Պարզապես խուճապի մատնված մարդու կամ պետության հակազդեցություն է: Դա արդեն վկայում է իրենց թույլ դիրքի մասին», - ընդգծեց Կիրո Մանոյանը:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը, որ երեկ շունչը պահած հետևել է քննարկումներին, համոզված է, որ թեև բանաձևը միայն քաղաքական նշանակություն ունի, բայց ժամանակի ընթացքում կտա գործնական արդյունք՝ դյուրացնելով ճանաչման գործը միության անդամ երկրների խորհրդարաններում:

«Վստահ ենք, որ գալիք շաբաթների ընթացքում պիտի ունենանք զանազան բանաձևեր Եվրոպական միության զանազան խորհրդարանների կողմից», - ասաց Դեմիրճյանը:

Հայաստանյան արմատական ընդդիմությունը նույնպես ողջունում է բանաձևի ընդունումը: Հայ ազգային կոնգրեսում ևս համոզված են, որ այս փաստաթուղթը նպաստելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Միաժամանակ սակայն, Լևոն Զուրաբյանը հիշեցնում է իրենց դիրքորոշումը:

«Թուրքիայի պատասխանատվության հարցը պետք է դրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության կողմից, այ այստեղ է ամենակարևոր սխալը, այլ ամբողջ միջազգային հանրության կողմից: Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է այս ամենից քաղի հետևյալը, որ կարևոր է, որ Հայաստանը որպես պետություն հզորանա, իսկ դրա հա ար պետք է ամեն ինչ անել մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար», - ընդգծեց ՀԱԿ պատգամավորը: