Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց


Եվրախորհրդարանի պատգամավորները՝ քվեարկության ժամանակ, 15-ը ապրիլի, 2015թ․
Եվրախորհրդարանի պատգամավորները՝ քվեարկության ժամանակ, 15-ը ապրիլի, 2015թ․

Բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Երեկ երեկոյան Եվրախորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

Բանաձևը ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 554 կողմ, 13 դեմ:

«[Հայոց ցեղասպանության] 100-րդ տարելիցի շեմին [Եվրոպական խորհրդարանը] հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության հանձնաժողովին ու խորհրդին միանալ ոգեկոչմանը», - ասված է բանաձևում:

Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Սակայն ի տարբերություն գրեթե 30 տարվա վաղեմության բանաձևի, երեկվա փաստաթղթով Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով ճանապարհ հարթելով թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

Բանաձևով Եվրամիության օրենսդիր մարմինը նաև կոչ է անում Թուրքիային ու Հայաստանին շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ առանց նախապայմանների վավերացնելով ու կյանքի կոչելով արձանագրությունները, բացելով սահմանները:

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը

Փաստաթղթղի ընդունումից մոտ մեկ ժամ անց տարածվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը»:

Բանաձևից հետո ԵՄ-ում «ավելի դյուրին կլինի Ցեղասպանության փաստի ճանաչումը»

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը, Եվրախորհրդարանի երեկվա բանաձևից հետո ավելի դյուրին կլինի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը Եվրամիության երկրներում:

«Վստահ ենք, որ գալիք օրերու, կամ շաբաթներու, ամիսներու ընթացքեն պիտի ունենանք զանազան բանաձևեր Եվրոպական միության զանազան խորհրդարաններու կողմե», - ասաց Բեդո Դեմիրճյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG