Հռոմի պապի հայտարարությունը կարող է շրջադարձային լինել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով, կիրակի օրը Վատիկանում տեղի ունեցած եկեղեցական արարողությունը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը կարող է շրջադարձային լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

«Որպես ապացույց դրա քաղաքական նշանակության, հենց Թուրքիայի արձագանքներն են: Եվ Թուրքիայի ջղաձգումները գալիս են լրացուցիչ անգամ հիմնավորելու, որ Թուրքիան թաքցնելու բան ունի աշխարհից», - նշեց Զաքարյանը:

«Միևնույն ժամանակ, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք չէ կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ», - շարունակեց Հանրապետական պատգամավորը: - «Մի պարագայում մենք գործ ունենք մարդկության համար կարևորագույն երևույթի՝ ցեղասպանությունները թույլ չտալու, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարելու և բոլոր տիպի հանցագործությունների համար պատասխանատուներ փնտրելու հետ, և մյուս պարագայում երկու պետությունների միջև հարաբերություններն են, հարևանների միջև հարաբերություններ են, որոնք հարևաններից մեկի կոշտ և անպատասխանատու դիրքորոշման պատճառով առայժմ տեղից չի շարժվում»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով՝ միջազգային ճնշման ուժեղացումը կհարկադրի Թուրքիային «ինչ-որ ձևով առերեսվել իր պատմությանը և փոխել թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկտամամբ»:

«Այն, որ Թուրքիան հակազդեց այն ձևով, որ հակազդեց, այսինքն՝ կոշտ, բայց և անմիտ, անիմաստ ձևով, վկայում է, որ Թուրքիան խուճապի է մատնված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը:

Դրական գնահատելով տեղի ունեցածը՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ ասաց, որ, իրականում, Հռոմի պապը նոր բան չի ասել և կրկնել է նախորդ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի 2001 թվականի հայտարարությունը:

«Շուրջ հարյուր հրավիրյալների ցանկում, որոնց պաշտոնական Երևանը հրավիրել էր, վստահաբար պետք է լիներ նաև Հռոմի պապը: Եվ այստեղ է, որ ես ցավում եմ, որ նա չկարողացավ ընդունել այդ հրավերը, և կարծում եմ, այդ խոսքերը և այն պատարագը, որի ականատեսը դարձանք մենք բոլորս, իր այցի, իր Հայաստան այդ նշանակի օրը՝ ապրիլի 24-ին չգալու փոխհատուցումն էր»:

«Սակայն այս ամենը հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չի ունենա», - հավելեց Կարապետյանը: - «Կրոնական լիդերների գնահատականներով չէ, որ պետք է քաղաքական հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորվեն»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «կարևորագույն քայլ» գնահատեց Վատիկանում տեղի ունեցածը ցեղասպանության միջազգային ճանաչման գործում․ - «Հատկապես կաթոլիկ աշխարհի համար դա ուղենշային հանգամանք կլինի: Եվ, բնականաբար, իհարկե կան կաթոլիկ երկրներ, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, բայց մնացածի հետ կապված ևս, կարծում եմ, դրական զարգացումներ այդ ուղղությամբ կլինեն»:

Տարածաշրջնային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հռոմի պապի հայտարարությունը կարող է «բեկումնային» դառնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հարկադրել Անկարային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Սա հավանաբար բեկումնային պահ է՝ երկու պատճառով: Այսօր Թուրքիան ավելի շատ է մեկուսացված՝ փորձելով ժխտել ցեղասպանության պատմական իրողությունը: Երկրորդ, [Հռոմի պապի այս հայտարարությունը] լրացուցիչ բեռ է դրել Թուրքիայի վրա՝ վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, բացել հայ-թուրքական սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու ճանաչել ցեղսպանությունը: Եվ ամենակարևորը՝ հայտարարությունը և շրջադարձային այս կետըավելի շատ վերաբերում են ապրիլի 24-ից հետո ընկած ժամանակահատվածին: Այլ խոսքով՝ ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս շարժումը չի կանգնելուհարյուրերորդ տարելիցին և շարունակվելու է ապրիլի 24-ից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը: