Երեկ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։
Դա խիստ տհաճությամբ են ընդունել Անկարայում։
«Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականի փոխանցմամբ, անմիջապես պատարագի ավարտից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն են կանչել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոյին և պաշտոնապես բողոք հայտնել Հռոմի պապի հայտարարության կապակցությամբ։
Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղար Լևենթ Մուրաթ Բուրհանը Վատիկանի պատվիրակին ասել է, թե Անկարան «խորը վշտով և ափսոսանքով» է ընդունել Հռոմի պապի մեկնաբանությունը, որը «միակողմանի է և հեռու է իրականությունից»։ Թուրք պաշտոնյան ասել է նաև, որ Անկարայում չեն հասկանում, թե ինչու է Հռոմի պապը «տարբերություն դնում այն ժամանակ քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների միջև»։
«Միայն հայերի պնդումների մասին խոսելն ու Անատոլիայի մնացած բնակիչների սպանություններն անտեսելը հոգևորականին վայել չէ», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղարը՝ հավելելով, թե Հռոմի պապի հայտարարությունները մեծ վնաս են հասցրել փոխադարձ վստահությանը, ինչն Անկարան ոչ մի դեպքում անպատասխան չի թողնի։
Անկարայում չեն բացառում Վատիկանից Թուրքիայի դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու հնարավորությունը։
«Հյուրիեթ Դեյլի Նյուզը» նշում է, որ Ֆրանցիսկոս պապը հայերի հետ սերտ կապեր է ունեցել, երբ դեռ ապրել է Արգենտինայում։ Նա 2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Վատիկանում ասել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»։ 2006 թվականին նա հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ երեկ եկեղեցական արարողությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ առանձնազրույցում երախտագիտություն է հայտնել Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի համար։