Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսի ուղերձը հայտնվել է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում։
«Անցած դարում մեր մարդկային ընտանիքը երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություններ է ապրել։ Առաջինը, որը համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», հարվածել է հայ ժողովրդին»,- ասել է Հռոմի պապը։
Ինչպես և նախատեսվում էր, նրա այդ հայտարարությունը ծայրաստիճան նյարդային արձագանք է ստացել Անկարայում։ Հենց ավարտվել է պատարագը, Անկարայում արտաքին գործոց նախարարություն են կանչել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոյին և բողոք հայտնել։
Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղար Լևենթ Մուրաթ Բուրհանը դեսպանին ասել է, որ Անկարան անպատասխան չի թողնի Ֆրանցիսկոսի հայտարարությունը։
Վատիկանի դեսպանին նախատելուց հետո Անկարան կատարել է զայրույթի մասին վկայող քաղաքական երկրորդ քայլը` խորհրդակցությունների համար հետ է կանչել Վատիկանում հավատարմագրված դեսպան Մեհմեթ Փաչաջիին։
Դիվանագիտության աշխարհում դա համարվում է խորհրդանշական, բայց և շատ լուրջ նախազգուշացում, որին կարող է հաջորդել կապերի սառեցումը կամ խզումը։
Երեկ Հռոմի պապի ուղերձին արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն։
«Մենք ակնկալում ենք, որ հոգևոր առաջնորդները պետք է խաղաղության կոչեր անեն և զերծ մնան հակաիսլամական հռետորաբանությունից։ Պապի հայտարարությունները պատմությունը խեղաթյուրում են, հաշվի են առնում միայն մեկ խմբի տառապանքները և անտեսում մյուս խումբը»,- ասել է Թուրքիայի վարչապետը և ավելացրել.- «Այդ հայտարարությունը ճանապարհ է բացում Եվրոպայում ռասիզմի համար և մահմեդականներին, թուրքերին մեղադրում է հավաքական հանցանքի մեջ։ Այդ ուղերձի հնչեցման համար ընտրված ժամանակը շատ ցավալի, սխալ և անտեղի»։
Թուրքիայի վարչապետը, ով նախկինում երկար ժամանակ զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, յուրօրինակ մարտահրավեր է նետել ոչ միայն Վատիկանին, այլև Եվրոպային։
«Դիմում եմ Հռոմի պապին և քրիստոնյա համայնքին, եթե մենք վերսկսենք պատմական բանավեճերը, ապա իմացեք, որ առավել ամոթալի փաստերը կլինեն հենց Եվրոպայի պատմությունից»,- ասել է Ահմեթ Դավութօղլուն։
Դավութօղլուին արտգործնախարարի պաշտոնում փոխարինած Մևլութ Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Մոնղոլիայում, այսօր ասել է, որ Թուրքիայի պատասխան քայլերը կքննարկվեն, ապա առաջիկայում կհրապարակվեն։
«Դժբախտաբար, պատմությունը դարձրել են քաղաքականության գործիք։ Հոգևոր առաջնորդը նախևառաջ պարտավոր է եղբայրության, խաղաղության և հանդուրժողականության ուղերձ հղել, ինչը հատկապես կարևոր է հիմա, երբ սկսել են գլուխ բարձրացնել ռասիզմը, խտրականությունը և անհանդուրժողականությունը»,- ասել է Չավուշօղլուն։
«Հռոմի պապի մեկնաբանությունները դատարկ բան են, զրոյական արժեք ունեն թուրք ժողովրդի և Թուրքիայի համար, «գենոցիդ» բառը իրավական եզր է, հետևաբար, այն կիրառելը զրպարտություն է»,- ավելացրել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։