Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը չի ազատվի քրեական պատասխանատվությունից։ Ըստ ռուսական աղբյուրների՝ նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Պերմյակովի հոգեբուժական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ռուս զինծառայողը մեղսունակ է։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Փորձաքննությամբ Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ։ Նա այդ օրը գործել է գիտակից վիճակում: Փորձաքննության ընթացքում ի հայտ են եկել հոգեկան որոշ շեղումներ, բայց ընդհանուր առմամբ նա մտավոր առողջ է»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է փոխանցում գործակալությունը՝ հավելելով, որ քննությունը տեղի է ունեցել Գյումրիում:
«Ինտերֆաքս»-ի աղբյուրը պարզաբանել է նաև, որ եթե զինծառայողը անմեղսունակ լիներ, նա օրենքի համաձայն կազատվեր քրեական պատասխանատվությունից և դատարանի որոշմամբ կարող էր ուղղվել պարտադիր հոգեբուժական բուժման: Սակայն «այժմ կան բոլոր հիմքերը Պերմյակովին վերջնական մեղադրանք ներկայացնելու և գործը դատարան ուղարկելու համար», նաև գրում է «Ինտեֆաքս»-ը։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պերմյակովի դատը տեղի կունենա բաց ռեժիմով Հայաստանում, սակայն Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում: Ինչպես հայտնում է ռուսական մեկ այլ պարբերական «Կոմերսանտ»-ը, դատարանը երկարացրել է Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Կայազորային զինդատարանի 5-րդ արտագնա նիստին, որն անցկացվել է ռուսական ռազմաբազայի տարածքում, պարզվել է, որ ռուսական Քննչական կոմիտեն խստացրել է և կոնկրետացրել է ավելի վաղ նրան ներկայացված մեղադրանքը: Միայն երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում:
Պարբերականը նշում է Պերմյակովին ներկայացրած մեղադրանքները՝ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն (105 հոդվածի 2-րդ մասի «ա» պարագրաֆ) և դասալքություն ամրակցված զենքով (338 հոդվածի 2-րդ մասով): Այժմ 105 հոդվածին է ավելացել «բ» կետը` մանկահասակ անձի կամ անօգնական վիճակում գտնվող այլ անձի սպանություն: Պերմյակովին նաև մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության և կողոպուտի հոդվածով:
Թերթը նշում է, որ 105-րդ հոդվածի 2 կետերը ցմահ ազատազրկում են նախատեսում: Մեղադրանքի նոր տարբերակում ավելացել է նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածը՝ հանցագործության մասնակից, որի համաձայն զինծառայողը հանդիսանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների, այդ թվում մանկահասակ երեխաների սպանության անմիջական կատարողը։
Թերթը ենթադրում է, որ մեղադրանքի խստացումը հնարավոր է դարձել դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, որի ընթացքում նրա կոշիկի, համազգեստի և թողած այլ իրերի կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին: Այլ անձանց ներկայության հետքեր տուժածների տանը չեն հայտնաբերվել։