Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը շուտով կմտնի դատարան: Ընդ որում, ռուսական կողմը շարունակում է պնդել, որ Պերմյակովը դատվելու է ռուսական դատարանում՝ 102-րդ ռազմաբազայի տարածքում, այդ մասին նախօրեին Գյումրիում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Դատը՝ զինվորական տրիբունալը, տեղի կունենա այստեղ՝ Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, բնականաբար դատավճիռը կլինի համարժեք», - ասաց ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Գյումրիի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գյումրեցիները ոչ թե պահանջում էին, որ դատավարությունը Հայաստանի տարածքում անցնի, այլ որ Պերմյակո՛վն ու գործի քննությո՛ւնը հանձնվեն հայ իրավապահներին։
Բարսեղյանը նաև պնդեց, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս նիստերը արտագնա՝ ռազմաբազայի տարածքում անցկացնել:
«Հայաստանի տարածքում չեն կարող գործել նման դատարաններ։ Ռուսաստանը Հայաստանի տարածքում գտնվող, իր սեփականությունը չհանդիսացող տարածքի վրա տեղակայված զորամասում, փաստորեն, ուզում է բերել, տեղավորել ինչ-որ մի դատարան, անունը էական չէ։ Էլի ինքնիշխանությանն ենք վերադառնում։ Հայաստանը դա թույլ է տալու, փաստորեն, որպեսզի Հայաստանի տարածքում, Հայաստանի հողի վրա գործի մեկ այլ դատարան։ Բա որ հետո ուրիշ բան էլ բերի», - ասաց Բարսեղյանը։
Ինչ վերաբերում է Սլուցկու հայտարարությանը, թե հայկական կողմի խնդրանքով է դատական գորընթացը Հայաստանում անցկացվելու, Բարսեղյանն ասաց, որ ինքը նման խնդրանք չի հիշում։
«Հայաստանի իշխանությունը պարտավոր է բացատրություն տալ, թե ո՞վ է խնդրել Ռուսաստանի իշխանությանը, որպեսզի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում։ Ես որևէ մեկի կողմից նման խնդրանք չեմ հիշում, և, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի խնդրանքը օրինականության հետ: Ռուսը երևի ուզում է ասել, որ գիտեք, օրենքով ուրիշ բան էր նախատեսված, բայց դե ձեր խնդրանքներին ընթառաջելով, մենք կարող ենք թքել օրենքի վրա։ Ընդհանրապես այդ հարցազրույցը վկայում է ռուսական իշխանությունների լկտի վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իրենք, իբր, փորձում են սիրաշահել ինչպես, օրինակ, ճորտատերը՝ ճորտին», - ասաց Գյումրիի ավագանու անդամը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ եթե գյումրեցիների բողոքի ակցիաները չլինեին, Պերմյակովին ոչ թե Հայաստանի տարածքում այլ Ռուսաստանում կդատեին: Նա՝ դա ռուսական կողմի զիջում որակեց՝ միաժամանակ ընդգծեlով, որ այդուամենայնիվ գյումրեցիների պահանջը չի բավարարվել:
«Ստացվում է՝ ռուսը այլ երկրում, տվյալ դեպքում, Հայաստանում, իր քաղաքացու շահերն ավելի լավ է պաշտպանում, քան Հայաստանի իշխանությունները», - ասաց քաղաքագետը՝ հավելելով. - «Ռուսների համար կարևորագույն հանցանքը Պերմյակովի այն էր, որ ինքը զինվորական մասը լքել է զենքով, այսինքն՝ ինքը դասալիք է և զենք է տարել հետը: Մեզ համար ավելի կարևոր է, որ նա դատվի որպես մարդասպան, որպես անձ, որը 7 հոգու է սպանել», - ասաց Համբարյանը։
Լևոն Բարսեղյանի կարծիքով, Հայաստանի իշխանություններն ի զորու չեն սեփական երկրում սեփական քաղաքացու շահերը պաշտպանել։
«Ինքն իր քաղաքացու շահերը պետք է պաշտպանի, բա հո՞ Հայաստանի քաղաքացիների շահերը չպե՞տք է պաշտպանի, կա՞ բնության մեջ այդպիսի բան, միայն Հայաստանի դեպքում և Հայաստանի նման մի քանի ողորմելի իշխանությունների դեպքում է, որ էդ մարդկանց ուշքն ու միտքը իրենց հայրիկներին, մայրիկներին չնեղացնելու վրա է։ Կենկրետ դեպքում Կրեմլին հանկարծ չնեղացնեն», - ասաց Բարսեղյանը։
Թեև առայժմ բողոքի ակցիաներ նախատեսված չեն, բայց, Բարսեղյանի կարծիքով, գյումրեցիները կպատասխանեն իշխանությունների՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գոծի նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը։ Երբ ու ինչպես, այս պահին անհայտ է։
«Ինչ դրսևորում կունենա կոնկրետ դեպքում, դժվարանում եմ ասել, դա ընտրությունների ժամանակ, քաղաքական սրացումների ժամանակ, բախումների ժամանակ մի կերպ դրսևորվելու է։ Հենց այնպես արյունը չի կորչում. Հայաստանի իշխանությունները էս հարցով անպայման պատասխանատվություն են կրելու», - ասաց Բարսեղյանը։