Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հարցով ԱԺ հայտարարության նախագիծը մերժվեց


Ավետիսյանների հարցով ԱԺ հայտարարության նախագիծը մերժվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Իշխող մեծամասնության ներկայացուցիչները չմասնակցեցին քվեարկությանը:

42 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագիծը Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց Հանրապետականի ջանքերով. իշխող մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը:

Գյումրիում տեղի ունեցած սպանդը դատապարտող և Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու պահանջով նախագիծը դրական եզարակացություն չէր ստացել նաև Պետաիրավական հանձնաժողովում, այս քվեարկությամբ սակայն, այն կարող էր մտնել մեծ օրակարգ:

Հանրապետականից բացի՝ բոլոր խմբակցությունների ղեկավարները կողմ էին: Նրանք, թեև հայտարարության տեքստում խնդիրներ էին տեսնում, այնուամենայնիվ կոչ արեցին հայտարարությունը ընդգրկել օրակարգ, ապա միասին աշխատել տեքստի վրա:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց՝ հայտարարությունը պետք է ընդունել՝ անկախ դրա տեքստի շուրջ տարաձայնություններից՝ որպես քաղաքական ուղերձ, որ հարցը շատ մեծ հնչեղություն ունի Հայաստանում:

«Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում մեր զինվորը, երբ իր վրա կրակում են ռուսաստանյան զենքով։ Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամը հղել, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը մտնում և գնդակահարում է իրեն», - ասաց Արզումանյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, իր հերթին, կոչ արեց՝ հայտարարությունը օրակարգ մտցնելով, աջակցել Կառավարությանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

«Տեղի է ունեցել սարասափելի ողբերգություն՝ ոճրագործություն։ Այս պահին հարցը միայն նրա մասին է, որ հարցը մտնի օրակարգ ու քննարկենք։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ Ազգային ժողովը հրաժարվի քննարկելուց, և ավելին, նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն գործադիրի մոտ Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների նկատմամբ։ Եկեք մեր քվեարկությամբ՝ համարձակություն տանք այդ գործադիրին և պահանջենք, որ գոյություն ունի հայ ժողովուրդ, գոյություն ունեն մեր պետական շահերը, և հենց դրա համար էլ գոյություն ունի Ազգային ժողովը», - ասաց Բագրատյանը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեծամասնության դիրքորոշումը բացատրելով, ասաց՝ քաղաքական շահարկումներին մասնակցել չեն ուզում:

«Հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ, և մենք չենք ցանկանում որպեսզի միջամտենք իրավապահ մարմինների գործունեությանը և նաև ցանկություն չունենք մասնակից դառնալ անիրավի քաղաքական շահարկումներին, և կոչ եմ անում նաև իմ գործընկերներին, որ, նման ողբերգության հետ կապված, ձեռնպահ մնան քաղաքական շահարկումներից», - հայտարարեց Բաղդասարյանը։

Հայտարարության հեղինակ Զարուհի Փոստանջյանը հակադարձեց՝ խնդիրը վաղուց իրավական դաշտում չէ։ Ըստ պատգամավորի, գլխավոր դատախազն իր պարտականությունները չի կատարել, պարզ չէ, թե նա ի՞նչ է պահանջել ռուս գործընկերոջից, և արդյո՞ք մինչ օրս չի ստացվել ռուսական կողմի պատասխանը:

«Հետևաբար իրավական գործընթացներն այստեղ սպառվել են, և մենք, որպես քաղաքական մարմին, պետք է արձագանքենք, և հենց մեր գործառույթների մեջ է մտնում այդ քաղաքական պատասխանատվություն կրելը», - ասաց Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքով, Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը լռում են, այն դեպքում երբ քաղաքացիները վերջին տարիներին Ռուսաստանի կողմից հաճախակի դարձած անօրեն որոշումների ականատեսն են դառնում։

«Սկսած Հայաստանի թշնամի Ադրբեջանին չորս միլիարդ զենքից ավելի վաճառելուց, վերջացրած Գյումրիում տեղի ունեցած ողբերգությամբ։ Հետևաբար մենք պետք է ընդունենք նման դատապարտող հայտարարություն», - ասաց Փոստանջյանը։

Հարցին, թե ինչո՞ւ այս հայտարարությունն անգամ օրակարգ չմտավ, արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունների հնարավոր բացասական արձագանքից խուսափելու խնդիր կար, Փոստանջյանը պատասխանեց. - «Հիմնական պատճառն այն է, որ մեր հանրությունը պատշաճ կերպով իր պահանջները չի ներկայացնում, հիմնական պատճառը երևի դա է։ Իրենք չպետք է վախենան պարոն Պուտինից կամ պարոն Սերժ Սարգսյանից, իրենք պետք է վախենան հայ ժողովրդից։ Սա է խնդիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG