Երևանում քննարկվել են եվրասիական տնտեսական հեռանկարները

Your browser doesn’t support HTML5

Երևանում քննարկվել են եվրասիական տնտեսական հեռանկարները

Եվրոպական ասոցացումից դուրս մնացած Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր թվարկեցին, թե ինչ կարող էր սպասել Հայաստանին եվրոպացիների առաջարկած ուղին ընտրելու դեպքում:

Պետդումային նախագահ Սերգեյ Նարիշկինի կարծիքով՝ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից կիրառվող քաղաքական ու տնտեսական «կոպիտ շանտաժից»՝ հակառուսական պատժամիջոցներից առավելապես տուժել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան: Իսկ Եվրասիական տնտեսական միության անդամները, ըստ Նարիշկինի, պաշտպանված են:

«Անօրինական պատժամիջոցների հարուցած դժվարությունները ոչ միայն բարեհաջող հաղթահարվում են, այլև նպաստում են եվրասիական ինտեգրացիային», - հայտարարեց Պետդումայի նախագահը: - «Վերջին տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե միջազգային համագործակցությանը ինչ վնասներ կարող է հասցնել անդրօվկիանոսյան տարադրամի մոնոպոլիան»:

Այստեղ նա կարևորեց Վլադիմիր Պուտինի՝ միասնական արժույթի անցնելու նախաձեռնությունը:

Թեման շարունակեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա կարծիքով, Եվրոպական տնտեսական միությունը լավ օրերի ինտեգրացիա է, Եվրասիականը՝ բոլոր օրերի: Վալովայան ասաց՝ եթե Հայաստանը ԵՏՄ-ում չլիներ, աշխարհի տնտեսության անկայությունն ու Ռուսաստանի խնդիրները, միևնույն է, կազդեին Հայաստանի վրա: Տարբերությունը, նրա ձևակերպմամբ, այն է, որ ԵՏՄ-ն թույլ է տալիս հավասարը հավասարի հետ քննարկել այդ խնդիրները, գտնել միասնական լուծումներ, հակառակ պարագայում այդ հնարավորություններն ավելի քիչ կլինեին:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ Հայաստանի խորհրդարանում քննարկվեցին ԵՏՄ-ի հեռանկարները:

Չնայած եվրոպացիների հասցեին ռուս պաշտոնյաների հայտարարություններին, հայկական կողմը կրկին առաջարկեց կողմերի միջև կամրջի դեր ստանձնել:

Էկոնոմիկայի նախարար Էմիլ Տարասյանն ասաց, որ Հայաստանն իրական հնարավորություն ունի կապել ԵՏՄ-ն, մի կողմից, Իրանի, արաբական աշխարհի, մյուս կողմից՝ Եվրամիության հետ:

Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարծում է, թե հատկապես Ղազախստանի և Բելառուսի հետ չիրացված ներուժ կա․ ապրանքաշրջանառության ծավալներն է պետք մեծացնել:

Տատյանան Վալովայան շեշտեց հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է առաջատար դառնալ: Հայկական կողմը դրան հավելեց գյուղատնտեսությունը:

Վերջին երկու օրերին ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներին մասնակցող ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանը չի իրացնում այն հնարավորությունները, որն ընձեռում է ԵՏՄ-ն:

Զուրաբյանը շեշտեց, որ լրջագույն հարցերի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը Աստանայում չէր․ - «Ո՞վ է ներկայացնելու Հայաստանի շահերը և ինչպե՞ս է ներկայացնելու Հայաստանի շահերը: Այսօր մենք չունենք այն իշխանությունը, որը կարողանա այդ հարցերը դնի լրջագույն կերպով»:

Խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը (ՀՀԿ) ասաց․ - «Չեմ կարծում, թե էական, լուրջ պատճառ պետք է լինի կամ դրա տակ պետք է․․․ ինչ-որ եզան տակ հորթեր ման գալ»:

Զուրաբյանն ու Այվազյանը, սակայն, համակարծիք են, որ Հայաստանի տնտեսական անկումը ԵՏՄ-ին անդամակցության հետ կապ չունի:

«Դա որևէ կապ չունի ԵՏՄ-ի կամ ԵՏՄ-ից դուրս լինելու հետ: Դա կապ ունի նրա հետ, թե մենք ինչ իշխանություն ունենք Հայաստանում, ինչպիսի տնտեսություն ենք կառուցում, ինչպիսի քաղաքականություն է մեր կառավարությունը անցկացնում», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Վարդան Այվազյանն ասաց․ - «Այսօրվա դրությամբ գտնում եմ՝ պետք է առանց վախենալու համարձակ քայլեր կատարել: Արտոնյալ ռեժիմներ պետք է սահմանել, որպեսզի դու կարողանաս քեզ ավելի գրավիչ դարձնել, որպեսզի դու կարողանաս լրացուցիչ գումար ներգրավել: Ինչու ոչ, նաև դրամական էմիսիա է պետք կատարել: Կուզեք՝ ընդունեք, կուզեք՝ մի ընդունեք»: