Տեսականորեն միութենական արժույթին անցնելը հնարավոր է, բայց ոչ մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում: «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի Կենտրոնական բանկին (ԿԲ) ու Կառավարությանը տված հանձնարարությանը՝ մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության և հնարավորության մշակմամբ, Խաչատրյանը ասաց․ - «Չեմ բացառում, որ, իսկապես, ինչ-որ ժամանակ տեսականորեն դա կարող է լինել, առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ժամանակ այդպիսի խոսակցություն կար, որ արժե քննարկել 2020-2025 թվականների միասնական արժույթին անցնելու հարցը, և այն ժամանակ այդ «ալթըն»-ի գաղափարը ի հայտ եկավ»։
Ըստ տնտեսագետի, Հայաստանը վարած տնտեսական քաղաքականության արդյունքում այսօր սեփական արժույթի գոյությունը պահելու խնդիր ունի։
«Տեսե'ք, տրանսֆերտները կրճատվել են և կրճատվելու են, ներդրումներ չկան, արտահանումը չի աճում, ներմուծումը երեք անգամ ավելին է։ Հայաստանի վճարային հաշվեկշիռը տարիներ շարունակ բացասական է, և բացասական հաշվեկշիռը փակելու ձևերից մեկը արտաքին պարտքն է, արտաքին պարտքը մենք հասցրել ենք արդեն համարյա թույլատրվող սահմանագծի վերին կետին, այսինքն՝ մենք ինքներս մեր դրամի գոյության համար անբարենպաստ պայմաններ ենք ստեղծել, և այստեղ արդեն ոչ թե դրսում է այդ հարցականը դրված, այլ հարցականը ներսում է դրված՝ արդյո՞ք կարող եք դրամով գոյատևել, թե՞ ոչ», - ասաց Խաչատրյանը։
Տնտեսագետի համոզմամբ՝ այժմ կարևոր է, թե Հայաստանի պատասխանատուներն ու իշխանություններն այս նախաձեռնությանը ինչ մոտեցում կցուցաբերեն․ - «Արդյո՞ք իրենք իսկապես կարող են սրա մեջ փրկություն տեսնել. սա կնշանակի ուղղակի մեր տնտեսական անկախության կորուստ՝ ամբողջապես, որովհետև, բոլոր դեպքերում, եթե դուք ինքներդ ունեք արժույթ և ինքներդ եք արժութային քաղաքականություն տանում և ֆինանսական լծակներ ունեք վարվող տնտեսական քաղաքականության վրա ազդելու՝ դա ուրիշ է, երբ որ դա գտնվում է մեկ այլ բանկի ձեռքին՝ դա ուրիշ է»։
Տնտեսագետը որպես օրինակ նշեց դեկտեմբերին դրամի արժեզրկան փաստը. - «Երբ որ արժեզրկվում էր մեր արժույթը, Կենտրոնական բանկը իր լծակներով, նաև իր պահուստներով, նորմատիվային ակտերով կարողացավ դեմն առնել և ինչ-որ առումով մեղմացնել: Հիմա եթե մենք դա չանենք, մենք գտնվենք, ասենք, ռուսական գոտում, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ»։