ԵՏՄ երկրների միջև առևտուրը շարունակում է կրճատվել

Your browser doesn’t support HTML5

Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտուրը շարունակում է նկատելիորեն կրճատվել:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, 2014 թվականին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև առևտուրն անկում է ապրել 11 տոկոսով։ Ընդ որում, նշված երկրների միջև առևտրաշրջանառությունը կրճատվում է արդեն երկրորդ տարին, բայց անցած տարի առևտուրը կրճատվել է ավելի շատ, քան 2013-ին էր․ այն ժամանակ երեք պետությունների միջև առևտուրը նվազել էր 4.9 տոկոսով։

2014 թվականին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև առևտուրը կազմել է 57.4 միլիարդ ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշը վատագույնն է 2010-ից ի վեր:

Այսօր «Ազատության» հետ զրույցում տնտեսագետ, «Arrow Global Ltd» ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանն ասաց, որ առևտրի կրճատումը ուղղակի ցուցիչ է, որ նշված երկրներում տնտեսության գործերը լավ չեն:

«Երկրորդ հանգամանքը այն է, որ տնտեսությունը հումքային է, հումքի արտահանման-ներկրման վրա է հիմնված, այն պարագայում, երբ հումքի գները ընկել են 20-50 տոկոսով, նաև առևտուրն է նվազել»,- ասաց Ավետյանը։

Հայաստանը այս տարվա սկզբից անդամակցեց ԵՏՄ-ին, և իշխանությունների հավաստմամբ՝ անդամակցությունը միայն նպաստելու է երկրի արտահանմանն ու տնտեսական աճին:

Տնտեսագետները ,սակայն, վերապահումով են մոտենում իշխանությունների այս խոստումներին․ օրինակ, անցած տարի Հայաստանի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 7.6 տոկոսով, իսկ դեպի Ղազախստան՝ 4.7 տոկոսով:

2015-ը նույնպես Հայաստանը սկսեց լուրջ անկումներով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս հունվարին՝ նախորդ հունվարի հետ համեմատ, արտահանումը կրճատվել է մոտ 21.9 տոկոսով, ներմուծումը՝ 33.2 տոկոսով։

«Հաշվի առնելով, որ այս տարի ԵՏՄ առանցքային անդամ Ռուսաստանում սպասվում էտնտեսական անկում, ի՞նչ հեռանկար եք տեսնում ԵՏՄ հայաստանյան արտահանման և Հայաստանում տնտեսական աճի համար»,- հարցրեցինք Ավետյանին:

«Յուրաքանչյուր տնտեսության գործընկերոջ անկումը լավ ձևով չի ազդում այդ տնտեսության վրա։ Եվ որպեսզի դու կարողանաս արտահանել, նախ պիտի ծավալ ունենաս, ներդրում պիտի լինի նախօրոք, որ հետո ծավալները կարողանաս մեծացնես։ Այդ ներդրումները չեն արվել, ու հիմա ակնկալել, որ արտահանման ծավալները կմեծանան, մի փոքր դժվար է»,- ասաց տնտեսագետը։